Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալի անունից համայնքապետը կեղծ տեղեկանք էր կազմել

Հոկտեմբեր 26,2016 14:00

Երեւանի քաղաքապետարանին պատկանող, առանձնապես խոշոր չափի՝ 499.800.000 ՀՀ դրամ արժողությամբ 17 հա մակերեսով հողամասը դատական ակտով տրվել է մի քաղաքացու, որը թղթավարությամբ խաբել է դատարանին: Իսկ թղթավարությանը նպաստել են պաշտոնական անձ հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմնի պատասխանատուները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սերգո Ջուլհակյանի նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ Սերգո Ջուլհակյանի նկատմամբ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժը` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:
Սերգո Ջուլհակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` ստորագրություն` չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Երկրորդ մեղադրյալի՝ Սաթիկ Այվազյանի նկատմամբ նույնպես պատիժ նշանակվեց տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով: Ստորագրությունը` չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Սերգո Ջուլհակյանը զբաղեցրել է ՀՀ Լոռու մարզի Ուռուտ համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ մեղադրվել էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ըստ քրեական գործի նյութերի, Սերգո Ջուլհակյանը, բնակվելով ՀՀ Լոռու մարզի Ուռուտ համայնքում, 1998թ. նոյեմբերի 26-ից զբաղեցնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնը, ճանաչել եւ բարիդրացիական հարաբերությունների մեջ է գտնվել հարեւանությամբ գտնվող Սվերդլով համայնքի բնակիչ Ստյոպա Հովասափյանի հետ: Ս. Ջուլհակյանը Ս.Հովասափյանի խնդրանքով, շահագրգռվածությունից ելնելով՝ կազմել եւ Ս.Հովասափյանին է հանձնել ՀՀ Լոռու մարզի Ուռուտ համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Ռուզվելտ Մեսրոպյանի` ժառանգներ չունենալու վերաբերյալ կեղծ տեղեկանք:

«Տրամադրված կեղծ տեղեկանքը Ստյոպա Հովասափյանը, Հ. Մարգարյանի ուղղորդմամբ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելով, Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, Ռուզվելտ Մեսրոպյանի անվամբ կեղծ փաստաթղթավորված՝ Երեւանի Արին-Բերդի 6 նրբանցք 8 հասցեի 17.0 հա հողամասի նկատմամբ 04.07.2013թ. դատարանի թիվ ԵԷԴ/0751/02/13 դատական ակտի հիման վրա գրանցել է իր սեփականության իրավունքը` որպիսի գործողություններով խաբեությամբ ապօրինի իրավունք է ձեռք բերել Երեւանի քաղաքապետարանին պատկանող, առանձնապես խոշոր չափ կազմող 499.800.000 ՀՀ դրամ արժողությամբ 17 հա մակերեսով հողամասի նկատմամբ»,- դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազն էր պնդել:

Իսկ ՀՀ Լոռու մարզի Ուռուտ համայնքում, համայնքի ղեկավար Ս. Ջուլհակյանի 2007թ. հունվարի 5-ի թիվ 1 կարգադրությամբ համայնքի ղեկավարի օգնական, ապա աշխատակազմի քարտուղար նշանակված Սաթենիկն էլ Ս. Ջուլհակյանի պահանջով 21.06.2013թ. կազմել եւ վերջինիս հաստատմանն է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի Ուռուտ համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Ռուզվելտ Մեսրոպյանի` ժառանգներ չունենալու վերաբերյալ կեղծ տեղեկանք, որը Ս.Ջուլհակյանի կողմից հաստատվել եւ հանձնվել է Ս.Հովասափյանին:

Տրամադրված կեղծ տեղեկանքով, փաստորեն, դատական ակտ է կազմվել, նշյալ հասցեի 17.0 հա հողամասի նկատմամբ 04.07.2013թ. դատարանի թիվ ԵԷԴ/0751/02/13 դատական ակտի հիման վրա գրանցվել է մեկ այլ քաղաքացու սեփականության իրավունքը, այդպիսով, խաբեությամբ ապօրինի իրավունք է ձեռք բերվել Երեւանի քաղաքապետարանին պատկանող, առանձնապես խոշոր չափի՝ 17 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Դատավճիռը բողոքարկվելու է:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31