Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանյան «Տոսկան» կարող է ներկայացվել ցանկացած հեղինակավոր թատրոնում»

Հոկտեմբեր 26,2016 13:00

Վստահ են մասնագետները

Երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը, որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժամանակին ներկայացնելով իր ծրագրերը, կարեւորում էր հատկապես Պուչինիի «Տոսկան»: Այն ժամանակ անվանի արվեստագետը մտմտում էր, թե մեր թատրոնում ո՞ւմ վստահի Տոսկայի դերերգը, քանի որ համաշխարհային օպերային գրականության բարձրարժեք նմուշներում, ինչպես եւ հայկականում, կան օպերաներ, որոնց դրամատիկական ու բեմական լուծումները կառուցվում են անձի, կոնկրետ դերակատարի կերպարի վրա, ներկայացումներն էլ կոչվում են հենց կերպարի անունով, օրինակ՝ «Աիդա», «Կարմեն», «Մանոն Լեսկո», «Ռիգոլետո», «Անուշ», «Արշակ Երկրորդ» եւ այլն:

gegam_grigoryan
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) հոկտեմբերի 22-ին կայացավ «Տոսկա» օպերայի պրեմիերան, որը նվիրված է Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Երեւանի թատրոնում նախկինում «Տոսկա» օպերայի բեմադրությունների առիթով մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ օպերային արվեստի 1-2 երախտավորներ խուսափեցին կոնկրետ ռեժիսորների անուններ նշել, միայն հայտնեցին, թե լավագույն Տոսկաներից են եղել Արուս Գրիգորյանը, Վարդուհի Շահսուվարյանը (1940-ականների սկիզբ), իսկ մեզ հայտնի է, որ, այնուամենայնիվ, տարբեր տարիների «Տոսկան» բեմադրել եւ վերաբեմադրել են ռեժիսորներ Գոհարինե Մելքումյանը, Վահագն Բագրատունին, Տիգրան Լեւոնյանը:

toska_1

Տոսկա՝ Սիրանուշ Գասպարյան, Սկարպիա՝ Գեւորգ Հակոբյան:

2014թ. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) ներկայացրած «Տոսկայի» համերգային կատարման ժամանակ, ինչպես միշտ, փայլեց օպերային դիվա Հասմիկ Պապյանը, որն ասաց, թե շատ բեմերում է հանդես եկել այս դերերգով, բայց առաջին անգամ է, որ իր երգիչ կոլեգաները միայն հայեր են: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ճանաչված երգչուհին մոտ ժամանակներս օպերային թատրոնում հանդես կգա Տոսկայի դերերգով:

toska_4

Շուրջ 40 տարվա լռությունից հետո հիշյալ օպերան բեմադրեց Նաիրե Ստեփանյանը, որը 2006թ. դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում եւ հայաստանցի այն փոքրաթիվ ռեժիսորներից է, որոնք ունեն նեղ մասնագիտական կրթություն, այսինքն՝ երաժշտական թատրոնի ռեժիսորի որակավորում: Արվեստագետն ավարտել է Թատերական արվեստի ռուսաստանյան ինստիտուտը (ԳԻՏԻՍ), անվանի մանկավարժ Ռոզետա Նեմչինսկայայի արվեստանոցը: Ուսանելու տարիներին գործնական պարապմունքներ է անցկացրել Մեծ թատրոնում, Բեռլինի Komiche Օper-ում, ԳԻՏԻՍ-ի ուսանողական թատրոնում Ռոսինիի երաժշտությամբ բեմադրել հանրահայտ «Երեք խոզուկները» ներկայացումը: Մեր հանդիսատեսը Նաիրե Ստեփանյանին կարող է մտաբերել միայն 2013թ., «Լույսը սուրբ տիրոջ գերեզմանից» եւ «Մի մկան պատմությունը» ներկայացումներից:

Անդրադառնալով օրերս կայացած «Տոսկային», ասենք, որ այն շարժել էր ոչ միայն տարբեր ոլորտի արվեստագետների հետաքրքրությունը: Պրեմիերային իր շնորհն էր բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, ինչպես նաեւ՝ ռուսաստանցի արվեստագետներ:

toska_2

Սիրանուշ Գասպարյանը եւ Հովհաննես Այվազյանը՝ Կավարադոս:

Մենք զրույցի հրավիրեցինք երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանին: «Իհարկե, վերջին շրջանում թատրոնում կայացել են օպերաների բարձրակարգ պրեմիերաներ: Սանկտ Պետերբուրգից ռեժիսոր Իրկին Գաբիտովը իրականացրեց Ռախմանինովի «Ալեկոն», Արամ Սուքիասյանը՝ Հարությունյանի «Սայաթ-Նովան», Վերդիի «Աիդան»՝ իտալացի Մարիո Կորադին եւ այլն: Այս ներկայացումը գերազանցեց ոչ միայն իմ, այլեւ թատերական երաժշտական ոլորտի գործընկերներիս սպասելիքները»,- ասաց երաժշտագետը: Ապա շարունակեց. «Բեմադրող դիրիժոր Ջանլուկա Մարչանոն իր մեկնաբանմամբ իսկապես մեզ տեղափոխել էր 1800թ., Հռոմ…: Նույնիսկ հեղինակավոր թատրոններում հազվադեպ է, երբ պրեմիերայի օրը, օրինակ, նվագախմբի մոտ ոչ մի սայթաքում՝ թեկուզ աննշան, չի լինում: Թեեւ համեմատականներ անցկացնելն իմ սկզբունքը չէ, բայց այս դեպքում կխնդրեի հանդիսատեսին ծանոթանալ «Մետրոպոլիտեն», «Քովեն Գարդեն», «Լա Սկալա» եւ այլ հեղինակավոր թատրոնների «Տոսկայի» բեմադրություններին: Բարիտոն Գեւորգ Հակոբյանի (Սկարպիա), տենոր Հովհաննես Այվազյանի (Կավարադոս) արվեստը մեզ ծանոթ է: Նրանք վաղուց ցանկալի հյուր են հեղինակավոր թատրոններում: Մյուս մեներգիչներն էլ (բոլորին չես թվարկի)՝ Հայկ Տիգրանյանը, Հովհաննես Ներսեսյանը (Սագրեստանո եւ Անջելոտի) նորություն չեն, բայց այն, ինչ ներկայացրեց Սիրանուշ Գասպարյանը (Տոսկա), ցնցեց բոլորիս ոչ միայն վոկալով, այլեւ խաղով, թեեւ նրան ես, եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ լսել էի ու դարձյալ հիացել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախագծերից մեկում Պուչինիի մեկ այլ՝ «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարման ժամանակ»:

toska_6

Բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանն ու բեմադրող դիրիժոր Ջանլուկա Մարչանոն (Իտալիա):

Ի դեպ, անցյալ տարի մեզ հետ զրույցում Լյուբով Կազարնովսկայան, որը լսել էր սոպրանոյին, զարմացավ, երբ հայտնեցինք, թե Սիրանուշ Գասպարյանը օպերային թատրոնի մեներգչուհի չէ: Այսօր երգչուհին հանդիսանում է թատրոնի երիտասարդական ծրագրի մեներգիչ: Նելլի Ավետիսյանին թատրոնի նախկին ներկայացումներից ծանոթ էին բեմադրող նկարիչ Ավետիս Բարսեղյանի աշխատանքները: Բայց ըստ երաժշտագետի, «Տոսկայի» սցենոգրաֆիան մի այլ որակ է»: Նելլի Ավետիսյանը գովեստի խոսքեր չշռայլեց, նշելով երգչախմբի (գլխավոր խորմայստեր՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Հրաչ Բորյան) աշխատանքը. «Գիտեմ, որ ներկայացումը պատրաստելիս իսկապես բարձրարվեստ արվեստագետների թիմ է աշխատել, օրինակ՝ Ռուսաստանից լուսային նկարիչ Ալեքսանդր Սիվաեւը, ռեժիսոր Ռուբեն Քոչարը եւ այլն: Կստորագրեմ հետեւյալ խոսքերիս տակ՝ երեւանյան «Տոսկան» կարող է ներկայացվել ցանկացած հեղինակավոր թատրոնում»:
Մեզ հետ զրույցում Մոսկվայից ժամանած հյուրերը՝ ռեժիսոր Վասիլի Բարխատովը, ԳԻՏԻՍ-ի պրոֆեսոր Մաքսիմիլիան Նեմչինսկին եւ Ալեքսանդր Ֆեոդորովը (վերջինս ներկայումս հիմնադիրն է ու գլխավոր ռեժիսորը Մոսկվայի պատանի դերասանի երաժշտական թատրոնի), կրկնեցին երաժշտագետ Նելլի Ավետիսյանի կարծիքը, թե երեւանյան «Տոսկան» վստահ կարելի է ներկայացնել ցանկացած թատրոնում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31