Աղմկոտ վայրում գտնվելիս` անպայման կես ժամը մեկ 10 րոպե հանգստացեք
Լսողության վրա բացասական ազդեցության բազում պատճառներ կարելի է նշել` տրավմաներ, գլխուղեղում տեղ գտած մի շարք հիվանդություններ, արտաքին, միջին, ներքին ականջի հիվանդություններ եւ այլն: Տարեցտարի լսողության իջեցման ամենատարածված ու վտանգավոր հանգամանք է դառնում ականջակալների կրումը: Որքան ականջակալը հարմարավետ է եւ հերմետիկ, այնքան նրա հասցրած վնասը մեծ է եւ անդառնալի:
Համեմատելու համար, թե մեր լսողությունը ինչպես է վնասվում` կարելի է նշել, որ առօրյա խոսքի ձայնի տեմպի ինտենսիվությունը 30-40 դեցիբել է, մարդատար ավտոմեքենայինը՝ մոտ 70, իսկ ակումբային երաժշտությանը՝ 110-120 դեցիբել հաճախականություն:
Աղմուկը տարբեր ձայների անկանոն, քաոսային զուգորդությունն է, որն անբարենպաստ ազդեցություն է գործում մարդու առողջության վրա: Խանգարվում են աշխատանքային գործունեությունն ու հանգստի վիճակը, եւ մարդը շուտ է հոգնում, օգտակար ինֆորմացիայի` խոսքի, երաժշտության ընկալումը դժվարանում է, առաջանում է նյարդահուզական գրգռված վիճակ:
Առողջ մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ականջակալների օգտագործումը, լսողության տարիքային փոփոխությունները, ըստ մասնագետների, սկսում են 30 տարեկանից հետո: Բայց այս փոփոխություններն աննշան են, եւ նկատելի են դառնում միայն 55-60 տարեկանում:
Ականջաբան, դոցենտ Նունե Նահապետյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ գնալով ավելի է շատանում ականջակալների կրումը, նույնիսկ հեռախոսներով երաժշտություն լսելը դարձել է շատերի առօրյայի մի մասնիկը. «Այդ հիվանդների քանակը բարձրացել է, որը բերում է ներքին ականջի ախտահարման, որը, ցավոք, անդառնալի է: Պարբերաբար ականջակալներից օգտվելու հետեւանքով լսողությունը սկսում է աստիճանաբար իջնել, որը վերականգնել հնարավոր չէ»:
Ականջակալ կրողներին բժշկուհին հիշեցնում է, որ ինչ-որ բան ականջակալներով լսելու դեպքում պետք է այն բարձրության վրա դնել, որ չխլացնի շրջակա միջավայրի ձայները, որպեսզի չվնասվի լսողությունը. «Այսինքն, եթե լսելի է շրջակա ձայները, նշանակում է, որ 80 դեցիբելից ավելի է, քանի որ լսողության վրա վնասակար ազդեցություն ունի դրանից բարձր հաճախականությունը»:
Մասնագետն այն մարդկանց, որոնք հաճախ են գտնվում ակումբային կամ աղմկոտ այլ վայրերում, խորհուրդ է տալիս, որ կես ժամը մեկ 10 րոպե հանգստանան այդ աղմուկից, իսկ եթե կես ժամը մեկ չի ստացվում, ապա գոնե 1 ժամ հետո. «10 րոպեում հնարավոր է՝ հասցնում է լսողությունը վերականգնվել ու նորից կարելի է մտնել աղմկոտ միջավայր»:
Աղմուկը չի պարունակում օգտակար ինֆորմացիա, ընդհակառակը՝ խանգարում է նրա ընկալմանը եւ անբարենպաստ ազդեցություն գործում:
Ըստ մասնագետի` հանկարծակի հնչող բարձր ձայնը կարող է ներքին ականջում առաջացնել արյունազեղում, թաղանթների պատռում, սպիական փոփոխություններ, որի հետեւանքով լսողությունը նվազում է: Երկարատեւ հնչող ուժեղ ձայնը վնասում է թարթչավոր բջիջներին՝ առաջացնելով քրոնիկական միկրովնասվածքներ, եւ ներքին ականջում տեղի են ունենում անոթանյարդային եւ դիստրոֆիկ փոփոխություններ ու լսողության նվազում: Ձայնը որքան ուժեղ է, այնքան ներքին ականջն ավելի արագ է վնասվում. «Նույնիսկ թեյնիկի սուլիչը ունի 70 դեցիբել հաճախականություն, բեռնատար մեքենաները` 80, օդանավը՝ 120: 110- ից բարձր, կտրուկ ձայնի ազդեցությունը կարող է ավելի մեծ վնաս հասցնել»:
Նունե Նահապետյանը մեզ հետ զրույցում օրինակ բերեց օդանավի թռիչքը ուղեկցող աշխատակցին եւ նշեց, որ եթե այդ մարդը չկրի խլացուցիչներ, ապա ընդամենը մեկ օդանավի թռիչքից հետո կկորցնի լսողությունը` ունենալով բավականին մեծ ծանրալսություն: «Բարձր ձայների դեպքում ժամանակն այնքան էլ նշանակություն չունի: Ինչքան ձայնի բարձրությունը մեծ է, այնքան այն կարող է պատռել ներքին ականջի թաղանթները եւ անդառնալի փոփոխություն բերել ներքին ականջում»:
Բժշկուհին նշում է, որ եթե մարդն ունի ծանրալսություն, կամ այն առաջացել է կտրուկ, ապա այդ ժամանակ տեղի է ունենում լսողական ներվի վնասում կամ ներքին ականջի վնասում, որի ժամանակ առաջիկա 1, մաքսիմում 2 շաբաթվա ընթացքում տվյալ անձը բժշկի չդիմելու դեպքում, նրա լսողությունը վերականգնելը դառնում է շատ դժվար, նույնիսկ՝ անհնար:
Մասնագետն ավելացրեց, որ եթե մարդ ականջներում պարբերաբար ձայն է լսում, որը միայն իրեն է լսելի, կամ շրջապատի ձայները կարծես խլացած են դարձել, դժվար է հասկանալ՝ ինչի մասին է խոսում զրուցակիցը, հատկապես աղմկոտ վայրերում, անհապաղ պետք է դիմել բժշկի: Չպետք է անտեսել նաեւ այն հանգամանքը, երբ նկատվի՝ որոշ նորմալ բարձրության ձայներ շատ բարձր են թվում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
25.10.2016