Արյան լաբորատոր հետազոտության այս նոր մեթոդը կարող է դառնալ քաղցկեղ հիվանդության կանխարգելման կարեւոր մի միջոց։ Այս մեթոդը հայտնաբերում է արյան կարմիր գնդիկներում սկսված մուտացիան, մինչեւ քաղցկեղի ախտանիշների ի հայտ գալը։
Քաղցկեղի դեպքում կհաղթի մա՞հը, թե կյա՞նքը։ Դա կախված է նրանից, թե զարգացման որ փուլում են հայտնաբերում հիվանդությունը։ Իսկ եթե քաղցկեղը հայտնաբերվի մինչեւ դրա ի հայտ գալը, խոսքը կգնա ոչ թե բուժման, այլ կանխարգելման մասին։ Այսօր դրա հնարավորությունը տալիս է արյան լաբորատոր հետազոտության նոր միջոցը, որը մշակել են Ուելսի Սուոնսիի համալսարանի գիտնականները։
Ինչպես համալսարանի պրոֆեսորներից Գարեթ Ջենքինզն է ասում. «Այս հետազոտության ընթացքում մենք չափում ենք ոչ թե քաղցկեղի առկայությունը, այլ՝ արյան կարմիր գնդիկներում մուտացիան, այսինքն` այն փոփոխությունները, որոնք ի վերջո դառնում են քաղցկեղի առաջացման պատճառ»։
Արյան այս հետազոտությունն իրականացվում է լաբորատոր սովորական սարքավորման միջոցով, որը մուտացիայի նշաններ է որոնում արյան կարմիր միլիոնավոր գնդիկների մեջ։ Փոփոխված այս գնդիկները չեն ունենում սպիտակուցներից կազմված այնպիսի մակերեւույթ, ինչպիսին ունենում են առողջ բջիջները։
Կարդացեք նաև
«Առողջ մարդկանց մոտ մուտացիայի ենթարկված, այսինքն` նման թաղանթից զրկված 5 բջիջ կարելի է հայտնաբերել մեկ միլիոն բջիջների շարքում։ Քաղցկեղի դեպքում մեկ միլիոն բջիջներից մոտավորապես 40-ից 50-ն են լինում մուտացիայի ենթարկված», ասում է գիտնականը։
Հետազոտողներն ուսումնասիրել են կերակրափողի քաղցկեղով հիվանդ 3ՕՕ անձանց արյան բջիջները եւ նկատել, որ մինչեւ քաղցկեղի հայտնաբերումը նրանց մոտ նկատվել է մուտացիայի ենթարկված արյան գնդիկների աճ։ Այսինքն` մինչև քաղցկեղը կա մի ազդանշան, որը խոսում է դրա մոտալուտ վտանգի մասին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: