Aravot.am-ը դժգոհություն էր ստացել Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաներից մեկի ծնողից: Վերջինս հայտնել է, թե դպրոցում պարտադրաբար մկրտում են սաներին, իսկ ով չի համաձայնում, առաջարկում են երեխայի թղթերը վերցնել ու հանել դպրոցից:
«Չէ՞ որ ստիպողաբար կնքելը մեղք է Աստծո առաջ»,- նեղսրտել էր ծնողը:
Aravot.am-ը մեկնաբանության խնդրանքով կապվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանի հետ:
Տեր Վահրամը փոխանցեց, որ պարտադրաբար մկրտելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, հավելեց նաեւ, որ դպրոցում պարբերաբար կատարվում են հավաքական մկրտություններ`քավորներով, որոնց նախորդում են մկրտության խորհրդի մասին զրույցները` աշակերտների հետ:
Կարդացեք նաև
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի խոսքերով, այն երեխաները, որոնք ցանկանում են անհատապես մկրտվել, դարձյալ որեւէ խնդիր չի առաջանում:
Հավելենք, որ դպրոցի տեսուչն է Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, իսկ տնօրենը` Նարինե Մնացականյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ