Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը չօգնեց ուշաթափվածին

Հոկտեմբեր 25,2016 20:44

Այսօր ակումբներից մեկում մամուլի ասուլիս կար, մասնակցում էին Սփյուռքի նախարարության երկու ներկայացուցիչ եւ սփյուռքահայ խմբագիրներ: Ասուլիսից առաջ ֆրանսահայ խմբագրին ուղեկցող տարեց տղամարդու ինքնազգացողությունը սարսափելի վատացավ, ու մի կերպ լրագրողներս աթոռ մոտեցրինք, որ վայր չընկնի:

Ակումբի հիմնադիրը շտապօգնություն զանգեց, որովհետև տղամարդը սարսափելի գունատ էր, գլխապտույտ ու սրտխառնոց ուներ, ու չէր կարողանում տեղից վեր կենալ:

Շտապօգնությունը ժամանեց առանց հապաղման, չափեցին մարդու ճնշումը, նկարեցին սիրտը, ու ասացին, որ նախակաթվածային վիճակում է , կյանքին վտանգ է սպառնում, ու պետք է անհապաղ հիվանդանոց տեղափոխել:

Մինչ լրագրողներն ու օպերատորները փորձում էին օգտակար լինել, զանգում էին այդ տղամարդու հարազատներին, որպեսզի տեղեկացնեն, որ նրան շտապ հիվանդանոց են տեղափոխելու, Սփյուռքի նախարարության վարչության պետը անվրդով զրույց էր անում բարձր արժեքներից, գրքերից, Հալեպի վիճակից, համահայկական լրագրողական համաժողովից ու ժամանակ առ ժամանակ էլ «ձեռքի հետ» հարցնում. «Էդ շտապօգնությունը հլը չեկա՞վ»:

Ողջ ընթացքում նա բազմած էր ասուլիսի համար նախատեսված սեղանի շուրջ ու այդպես էլ հարկ չհամարեց տեղից վեր կենալ`տեղեկանալու, թե ինչ եղավ իր աչքի առաջ ուշաթափված Հայաստանում հաստատված սփյուռքահայի հետ:

Շտապօգնության բժիշկն ասաց, որ տղամարդուն պետք է գրկած, ավելի ճիշտ` աթոռին նստած տեղափոխել վերելակ, որովհետեւ նրան, հասկանալի պատճառներով, չի կարելի տեղաշարժվել: Սփյուռքի նախարարության խոշորամարմին պաշտոնյան այդպես էլ տեղից չշարժվեց, վատառողջ տղամարդուն տեղափոխեցին փոքրամարմին եւ նիհարակազմ օպերատորները: Իսկ չինովնիկն անհանգստանում էր, թե ասուլիսն ի վերջո ե՞րբ է սկսվելու` առանց այն էլ շատ ձգվեց: Գուցե այդ չինովնիկի մե՞ջքն էր ցավում կամ վատ էր քնել, չգիտեմ: Համենայն դեպս նա անդրդվելի էր մարդուն չօգնելու իր հպարտ որոշման մեջ:

Տարակուսած էի`լավ, եթե Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները ձեռք չեն մեկնում իրենց կողքին խնդիր ունեցող հայորդուն, կրակի տարափի տակ դեգերող սիրիահայերի համար ինչպե՞ս է սրանց սիրտը ցավելու: Նման փոքրիկ դրվագները բավարար են` այդ գերատեսչության պաթետիկ ու բարձրագոչ հայտարարությունների ձեւական լինելը փաստելու համար:

Հոռետես չեմ, գիտեմ, որ բոլոր գերատեսչություններում էլ կան որոշ նորմալ պաշտոնյաներ ու հանդիպում են տարբեր ոլորտների գործիչներ, որոնք կարող են հարկ եղած դեպքում`պաշտոն ու դիրք մոռանալով օգտակար լինել այդ պահին ծայրահեղ վիճակում հայտնվածին, օրինակներ կան, թվարկելու հարկ չկա: Ի վերջո` պաշտոնը վաղանցուկ մի բան է, այն էլ ինչ-որ երրորդ-չորրորդական վարչության պետի: Ցավն այն է, որ ամենափոքր տրամաչափի չինովնիկներն են ամենամեծ հավակնություններն ունենում ու կարեւորում իրենց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` netbespredelu.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31