Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Վայոց Ձորում 2 կնոջ սպանության դեպքով

Հոկտեմբեր 25,2016 19:45
inqnaspanutyun

Վայոց Ձորի մարզային  քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ.Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Սպանության մեջ մեղադրվող անչափահաս Ն-ի պաշտպան՝ փաստաբան Վահե Մարգարյանը Aravot.am-ին պատմեց, որ նախաքննության սկզբնական փուլում երիտասարդն իրեն մեղավոր է ճանաչել, երկու անգամ քննչական  փորձարարություն է կատարվել պաշտպանի ու մոր ներկայությամբ, ցուցմունքներ է տվել, տարել է սպանության վայր ու ցույց տվել, թե ինչ հանգամանքներում ու ինչպես է կատարել այդ արարքները:

«Այնքան մանրամասն է ցույց տվել, որ ես, որպես փաստաբան, մայրը՝ որպես օրինական ներկայացուցիչ, համոզվել ենք, որ ինքն է  կատարել հանցագործությունները: Նախաքննության կեսից  այդ երիտասարդը կատեգորիկ հրաժարվել է՝ ինքն է կատարել հանցագործությունը, ասաց՝ x մարդն է կատարել, ինձ ոսկեղենը տվել է, ես եմ տարել հանձնել ոսկերիչին: Աբսուրդ բան է»,- պատմեց պարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00- 13:00-ի սահմաններում, Վայոց Ձորի անչափահաս բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, գնացել է Վ.Սիմոնյանի՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող առանձնատուն, առաջարկել իր ծառայությունը՝ որոշակի գումարի դիմաց:

Վ.Սիմոնյանի առաջարկով անչափահասը մտել է առանձնատան խոհանոց, որտեղ, տարեց կնոջ ականջներին նկատելով ոսկյա ականջօղերը, դրանք հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, նրան գցել է գետնին, որի հետևանքով վերջինս գլուխը հարվածել է բետոնե հատակին և ստացած վնասվածքից մահացել: Անչափահասը տարեց կնոջ ականջներից հանել է բաց կարմրավուն գույնի քարերով ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի:

Փաստաբանը նաեւ որոշ մանրամասներ պատմեց իր պաշտպանյալի ընտանիքից. «Նրա հայրը հոգեկան խնդիրներ ունի, հանցագործության համար հարկադիր բուժման մեջ է: Էդ երեխան պատմեց, որ դաժան մանկություն է ունեցել, հայրը հոգեկան հիվանդ է  եղել ու սադիստաբար ծեծի է ենթարկել մորն ու երեխաներին: Ասում է՝ մինչեւ արյունը չէր տեսնում, չէր հանգստանում: Պատմում էր, թե եթե իրենք հոր ձեռքը չէին ընկնում, հայրը գնում էր հավ էր բռնում, հոշոտում, ճղրտում, ճագար էր ծվատում, արյուն էր հանում, նոր հանգստանում էր: Սկզբնական փուլում ինձ թվաց, որ այդ երեխայի  մեջ կարմիր գույնը սեւեռված գույն է, քանի որ նա իր ցուցմունքներում միշտ գրում էր՝ կարմիր ակով ականջօղեր, երկրորդ սպանության հետ կապված ուշագրավ հանգամանք կա, սպանված կնոջ մատներին մատանիներ կային, մատանիներին ուշադրություն չի դարձրել, կարմիր ակով ականջօղերն է հանել, տարել»:

Փաստաբանը դատահոգեբուժական, հոգեբանական համալիր փորձաքննության միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին, քննիչը բավարարել է, ըստ փաստաբանի. «Փորձաքննությունը կատարվեց, բայց պարզվեց, որ մեղսունակ է: Ճիշտ է, կան որոշակի խախտումներ, բայց իր կատարած գործողությունների ժամանակ կառավարելու կարողություն է  ունեցել ու մեղսունակ է»:

Ըստ փաստաբանի, անչափահաս Ն. ին սպասվում է առավելագույնը տասը տարվա ազատազրկում: Դատաքննությունը լինելու է դռնփակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31