Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ անցկացվել է Վանուշ Խանամիրյանի անվան հայկական ժողովրդական պարերի մրցույթ-փառատոն

Հոկտեմբեր 25,2016 19:30

Հոկտեմբերի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը շնչում էր ազգային պարերի ոգով: Վանուշ Խանամիրյանի անվան հայկական ժողովրդական պարերի փառատոնն արդեն 11 տարի է, ինչ անցկացվում է, իսկ ահա մրցույթի ձևաչափում պարախմբերը առաջին անգամ էին մասնակցում:

2 3 4

«Արդեն 11 տարի է, ինչ անցկացնում ենք Վանուշ Խանամիրյանի անվան հայկական ժողովրդական պարերի փառատոն մենք դեռևս վարպետի կենդանության օրոք ենք սկսել անցկացնել: Առաջին անգամ փորձեցինք մրցույթ-փառատոն կազմակերպել: Մինչև այդ չէինք անում՝ ելնելով մեր ժողովրդի բնավորությունից՝ էմոցիոնալ, շուտ նեղացող. յուրաքանչյուրը մտածում է, որ իրենից լավը դժվար լինի: Վարպետն էլ (Վանուշ Խանամիրյանը) միշտ ասում էր, թե պետք չի, ու նրա մահից 4 տարի անց էլ իներցիայով գնում էր «պետք չի» կարգավիճակը: Բայց ահա որոշեցինք, որ պետք է մրցույթ կազմակերպել, որ մարդիկ գիտակցեն, որ կողքի աչքը պետք է գնահատի, թե որքանով է իրենց աշխատանքը բարձր, որակով ու կարևոր: Ի վերջո` մրցույթին մասնակցող խումբը որակապես բարձրանում է», -նշեց Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման նախագահ Գագիկ Մխիթարյանը:

Մրցույթին մասնակցում էին երկու տարիքային խմբեր՝ 8-13 տարեկանների և 14-17: Խմբերին գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի անդամներն էին պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը, նույն քոլեջի ժողովրդական բաժնի մեթոդիկայի նախագահ Աշխեն Բոյաջյանը, Մովսես Խորենացի մեդալի շքանշանակիր Սրբուհի Բաբայանը, «Գոհար» երաժշտախմբի պարային մասի ղեկավար Սուսաննա Միքայելյանը, իսկ ժյուրիի նախագահն էր Գագիկ Մխիթարյանը:

Մրցույթ-փառատոնի ավարտին 8-13 տարեկանների խմբում ոսկյա մեդալի արժանացավ մեկ պարախումբ, արծաթյա՝ չորս, և ևս մեկ պարախումբ արժանացավ բրոնզե մեդալի: 14-17 տարեկանների խմբում ոսկյա, արծաթյա և բրոնզե մեդալի արժանացան մեկական պարախմբեր: Մյուս պարախմբերն ստացան պատվոգրեր և հուշանվերներ. «Անկեղծ ասած՝ մի փոքր վախ կար, որ փոքր տարիքային խումբը մրցակցության հետ կապված հոգեբանական խնդիրներ կունենա: Այդ պատճառով մեդալներից բացի մնացած բոլոր նվերները մենք հավասար ենք բաշխել»,-պարզաբանեց Գագիկ Մխիթարյանը:

Լուսանկարները՝ Տաթև Կարապետյանի

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31