Լրահոս
Օրվա լրահոսը

Կարիք չկա անընդմեջ տառապելու, անհրաժեշտ է յուրաքանչյուրին իրենց տեղերում իրենց պաշտոնների նկարագրին համապատասխան արդյունավետ աշխատանք կատարել. Ռուզաննա Մուրադյան

Հոկտեմբեր 25,2016 18:18

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հոկտեմբերի 25-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է կառավարության ծրագիրը: Ծրագիրն իհարկե հստակ ներկայացնում է կրթության և գիտության ոլորտի ներկա վիճակը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև հեռանկարային զարգացման նպատակներն ու ուղղությունները: Գաղտնիք չէ, որ բարեփոխումների գործընթացը, նորագույն տեխնոլոգիաների լայն ներդրումն ու կիրառումը հասարակական կյանքում, շարունակական և ողջ կյանքում սովորելու անհրաժեշտության գիտակցումը նոր մարտահրավերներ են առաջադրում մեր հասարակությանը, և դրանց դիմակայելու համար կրթության ոլորտի ծրագրերը պետք է ուղղված լինեն 21-րդ դարի կոմպետենցիաներով օժտված քաղաքացու ձևավորմանը: Ողջունելի է, որ այս ուղղությամբ քայլեր արդեն նախանշված են կառավարության ծրագրում, որի մեջ ներառված են նոր գաղափարներ կրթության և գիտության ոլորտի արդիականացման համար՝ ներառելով քննադատական մտածողության, ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր, ուսումնական հաստատությունների ծրագրերի արդիականացում և համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին:

Ժամանակակից պահանջներն էլ իրենց հերթին ենթադրում են մանկավարժների և վարչական անձնակազմի շարունակական վերապատրաստումների կազմակերպում: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարմանը, նրանց կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: Հանրակրթական դպրոցի տնօրենները բարձրացրել են արդարացի պահանջ կառավարության ծրագրի բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում ներառված նոր կետի վերաբերյալ, որը ենթադրում է բոլոր վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում 70 տարեկանով:Կարծում եմ՝ այս դրույթը պետք է կարգավորվի օրենքով և ներառի նաև հանրակրթության ոլորտի վարչական աշխատողներին ևս:

Վերոնշյալ հարցերը կարգավորելու և հիմնախնդիրները լուծելու, ինչպես նաև ունեցած ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար բոլորս ենք պատասխանատու, և առանց մեր ակտիվ մասնակցության և ընդգրկվածության կառավարության համար չափազանց դժվար կլինի հասնել ծրագրված արդյունքներին:

Շատ կարևոր է կրթության քաղաքականություն մշակող ինստիտուտների դերը, որոնք կանգնած են դպրոցի և կառավարության միջև: Նրանց ուշադրությունը առաջին հերթին պետք է ուղղված լինի համակարգային հիմնախնդիրների վերլուծությանը, վերհանմանը և ըստ առաջնահերթությունների կառավարության ծրագրում դրանք ներդնելու առաջարկներին, որպեսզի որևէ ծրագիր դուրս չմնա կառավարության ուշադրությունից: Այստեղ ճիշտ ճանապարհը նրանք են մատնանշում, համակարգային խնդիրները պետք է բարձրացվեն ներքևից և առաջարկվեն դրանց լուծումները, որոնք էլ պետք է արտացոլվեին կառավարության ծրագրում: Հիշեցնենք ոլորտի մասնագետներին և պատասխանատուներին, որ եթե կառավարության ծրագրում ինչ-որ հարց բաց է մնացել, դա ոլորտի ինստիտուտների բացթողումն է նաև: Ներկա-բացակա անել կամ անհարկի մեղավորներ փնտրելը՝ անօգուտ աշխատանք է:

Ինչպես ասում են՝ քննադատել՝ նշանակում է հոգեպես տառապել:Կարիք չկա անընդմեջ տառապելու, այլ անհրաժեշտ է յուրաքանչյուրին իրենց տեղերում իրենց պաշտոնների նկարագրին համապատասխան արդյունավետ աշխատանք կատարել:
Սա է հաջողության հասնելու միակ ճանապարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31