Հերթական տարածաշրջան այցի շրջանակներում այսօր Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ այս անգամ նրանք իրենց պտույտը սկսել են Բաքվից, հետո եղել են Ստեփանակերտում ու եկել են Երևան: Երթուղին ենթադրել է տալիս, որ նրանք նախ խոսելիք ունեին Իլհամ Ալիևի հետ: Այսօր արդեն հայտնի է, որ Համբուրգում դեկտեմբերի սկզբին կարող են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ մինչև տարեվերջ հազիվ թե արժի սպասել նախագահների հանդիպման:
Իսկ մինչ այդ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում առավելագույն փոխզիջումը կարող է լինել ինքնավարությունը Ադրբեջանի կազմում: Այսինքն` այն՝ ինչից սկսվեց 1988-ը, փաստորեն անցած 28 տարին Բաքվի համար կորած ժամանակ է եղել՝ հասկանալու, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող որևէ տարբերակով լինել Ադրբեջանի կազմում՝ պատրա՞ստ է Իլհամ Ալիևը ընդունել երկու հայկական պետությունների գոյությունը, թե ոչ: Փաստացի՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ փակուղի է տանում բանակցությունները, և ըստ սովորության՝ ի լուր աշխարհի հայտարարում է, որ հայկական կողմը կառուցողական չէ:
Այս ընթացքում ևս մի իրողություն եղավ, որի վրա ուզում եմ հրավիրել բոլորիդ ուշադրությունը; ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխվեց Ֆրանսիայի համանախագահը՝ Պիեռ Անդրիոյին հաջորդեց Ստեֆանո Վիսկոնտին: Դատելով նրա դիվանագիտական դոսիեից՝ փորձառու դիվանագետ ու պոլիգլոտ, որ խոսում է նաև ռուսերեն, վրացերեն, թուրքերեն: Ուզում եմ հավատալ, որ համանախագահի փոփոխությունը հերթական ռոտացիան չէ միայն և նշանակելու է Ֆրանսիայի դերակատարության որոշակի ակտիվացում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հատկապես եթե հաշվի առնենք, որ նախագահների Փարիզում նախատեսված հանդիպումը այդպես էլ դեռ չի կայացել:
Մենք հաճախ ենք իրավացիորեն նկատել, որ Մինսկի խմբի հայտարարությունները հիմնականում ոչ միայն չեզոք են, այլև՝ ամորֆ ու միջնորդ համանախագահները հավատարիմ են մնում պարիտետային սկզբունքին՝ նրանք սովորաբար դիմում են կողմերին ու նրանց տարբեր կոչեր են անում՝ անկախ նրանից, թե կողմերից որ մեկն է տեղիք տվել այդ կոչերին:Ուզում եմ հույս ունենալ, որ հետայսու՝ Մինսկի խմբի հայտարարություններում կավելանան հասցեականությունն ու իրականությանը համարժեք գնահատականները, դա միայն ու միայն կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացին: Վստահ եմ, որ պետք է շարունակել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունները կյանքի կոչելու գործընթացը, հակառակ պարագայում, նույնպես վստահ եմ, որ Իլհամ Ալիևի նախաձեռնած ևս մեկ պատերազմը հաստատ ճակատագրական է լինելու Ադրբեջանի ու անձամբ նրա կյանքում: