Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինահայ լրագրող Մադլեն Գարագաշյանը Հայաստանի Ազգային պատկերասրահին նվիրեց ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի նկարը

Հոկտեմբեր 25,2016 17:45

Հոկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:

Ռումինահայ լրագրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը պատկերասրահին նվիրեց ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի մեկ նկար և բալկանյան ոճի 19-րդ դարի «filigrane» արծաթե գոտու ճարմանդ:

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, շնորհակալություն հայտնելով Մադլեն Գարագաշյանին նվիրատվության համար, նշեց, որ պատկերասրահի ֆոնդը հիմնականում համալրվում է նման նվիրատվությունների շնորհիվ: «Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը, ում շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այս միջոցառումը: Ի վերջո հայ վարպետների ձեռքով պատրաստված բոլոր արժեքավոր նմուշների հանգրվանը Հայաստանն է և ուրախ եմ, որ տիկին Մադլենն իր նախնիներից ժառանգած այս ճարմանդը վերադարձրեց Հայրենիք», – նշեց Ա.Ծատուրյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն ընդգծեց. «Սա լավ առիթ է, որ հայաստանցի արվեստասեր հասարակությունը ծանոթանա Երվանդ Նիկողոսյան արվեստագետի ստեղծագործությանը: Տիկին Մադլենի նվիրատվությունը պետք է օրինակ հանդիսանա Սփյուռքում ապրող մեր մյուս հայրենակիցներին, որ հայկական արվեստի արժեքավոր նմուշներն ի վերջո տեղափոխեն Հայրենիք», – ասաց Ս.Սրապիոնյանը: Սփյուռքի նախարարի տեղակալը բարձր գնահատեց նաև տիկին Մադլենի հայապահպան գործունեությունը Ռումինիայում: «Տիկին Մադլենի հեղինակած «Հայերի մեջ, հայերի մասին» հինգհատորյակը հայության խնդիրներին վերաբերող տարբեր լրատվամիջոցներում անցած տասնամյակներում նրա տպագրած բոլոր հոդվածների ժողովածուն է», – հավելեց նա:

Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ Մադլեն Գարագաշյանը: Նա նշեց. «Վերջապես երազանքս կատարվեց և Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում եմ: Առիթն օգտագործելով՝ ցանկացա Ազգային պատկերասրահին նվիրել Երվանդ Նիկողոսյանի նկարը և մեծ մայրիկիցս ժառանգած 19-րդ դարի գոտու ճարմանդը: Ուրախ եմ, որ իմ նախաձեռնությունն արժանացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Ազգային պատկերասրահի ղեկավարության բարձր գնահատականին»,- նշեց նա:

Տիկին Մադլենի նախաձեռնությունը կարևորեց նաև «Հայաստան-Ռումինիա բարեկամություն» ընկերության նախագահ Հակոբ Առաքելյանը: Նա տիկին Մադլենին նվիրեց Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31