Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գյումրեցիներին դիմեց՝ պատմելով իր կյանքը, թե ինչքան նվիրված պատգամավոր է եղել, որ աշխատել է իր ժողովրդի համար, պայքարել է, որ գյումրեցիների խնդիրները լուծվեն եւ այլն. «Ես վաղուց ապացուցել եմ, որ իմ ես-ը դարձրել եմ գյումրեցիների մենք-ը: Ես ձեզանից մեկն եմ»:
Նա վստահեցրեց, որ որեւէ բիզնես չունի. «Մի սեփական բուդկա անգամ չունեմ»: Պատգամավորը սկսեց պատմել, թե ինչքան ճիշտ է ինքն ապրել ու արարել, հետո շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին՝ իրեն աջակցելու համար. «Լինելով սոցիալապես ծանր վիճակում՝ դուք հրաժարվեցիք որոշ աննամուսների, էժանագին թալանչիների եւ պնակալեզ շակալների՝ թալանի արդյունքում կուտակած գրոշներից եւ ձեր հոգու ձայնը տվեցիք ինձ եւ իմ թիմին՝ արհամարհելով, բանի տեղ չդնելով որոշ դավաճանների, hանուն իրենց շահի ընկերություն, աղուհաց ուրացող, գրկից գիրկ թռնողների կողմից իմ անձի նկատմամբ իրականացրած նենգությանն ու զրպարտությանը»:
Նա վստահեցրեց, որ առաջիկայում ամեն ինչ ջրի երես դուրս կգա եւ կբացահայտի «հուդաներին»:
Նա հայտարարեց, որ տեղափոխվելու եւ մշտապես բնակվելու է իր ծննդավայր Գյումրիում, իր գրասենյակը բաց է լինելու, ժողովրդի թիկունքում է կանգնած լինելու, տեր է կանգնելու գյումրեցի տաքսիստներին, հասանելի է լինելու բոլոր գյումրեցիների համար:
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտարարեց, որ առաջիկայում 3 քաղաքական ուժերով դիմելու են Սահմանադրական դատարան եւ շարունակելու են իրենց պայքարը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ