Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալել են 55-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողին․ մանրամասնում է Շիրակի դատախազը

Հոկտեմբեր 25,2016 17:14

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզի Շիրակ գյուղում իրենց տան բակում արնաթաթախ վիճակում հայտնաբերել են 55-ամյա Լյովա Հաջյանին։ Նրան ժամը 17․35-ին տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ էլ գրանցվել էր նրա կլինիկական մահը։

Գյումրի բժշկական կենտրոնի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած վերք, ճակատային հատվածի և քթի սալջարդեր։

Դեռ երեկ Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին հայտնել էր, որ նշված դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Քիչ առաջ Շիրակի դատախազը տեղեկացրեց, որ արդեն կա դատավարական կարգավիճակ ունեցող կասկածյալ անձ, նա վերոհիշյալ քրեական հոդվածով հանցագործություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ու տվել խոստովանական ցուցմունք։ Սպանության շարժառիթը կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունն է եղել։ Սպանության մեջ կասկածվողը նույն գյուղի բնակիչ Է․Ա-ն է՝ ծնված 1986 թվականին։

Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն Հարությունյանն էլ ասաց, որ սպանության մեջ կասկածվողը Լյովա Հաջյանի հարսի եղբայրն է, նրանք ընտանիքներով շատ մոտ են եղել։ Ավելին` կասկածյալը մշտապես օգնել է Հաջյանների ընտանիքին։ Գյուղապետի բնութագրմամբ, երկու ընտանիքներն էլ «քյասիբ են», հող են մշակում, որ գոյատևեն։ Ըստ նրա, սպանվողը գյուղի ժողովրդի թիկունքից գնաց․ վերջինս նեղն ընկածին միշտ օգնել է, մյուսները, ըստ գյուղապետի, ամեն գործ չէ, որ անում էին, իսկ Լյովա Հաջյանը պատրաստակամ էր ամեն ծանրություն կրելու։ Ըստ գյուղապետի, սպանության դրդապատճառի մասին գյուղացիները հստակ ոչինչ չգիտեն։ Մեր հարցին՝ արդյո՞ք տարածված խոսակցությունների համաձայն պատճառը չի եղել հարսի մորը սիրահետելը, գյուղապետն ասաց․ «Ամոթ է նման բաներ խոսելը, ճիշտ է՝ հարսի հայրն անցած տարի մահացավ, բայց մայրը հիվանդ կնիկ է»։ Գյուղապետից տեղեկացանք նաև, որ սպանության մեջ կասկածվողը 2-3 տարի է՝ ինչ ամուսնացել է։ «Ես էսքան տարի ապրում եմ մեր գյուղում, նման բան չէր եղել», -ասաց Խորեն Հարությունյանը։ Վերջինիս հասած տեղեկություններով տուժողի մարմինը տան բակում հայտնաբերել է եղբոր տղան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31