Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Բադասյանը չի լռելու, ձեր երեսը պատռելու է». Գուրգեն Եղիազարյան

Հոկտեմբեր 25,2016 17:07

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մեկնարկը դրական է համարում:

«Հայելի» ակումբում նա ողջունեց վարչապետի այն հայտարարությունը, որ յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել: Պարոն Եղիազարյանը պնդեց, թե նման բան չի արել ոչ մի վարչապետ. «Ինչո՞ւ դա չէր անում Հովիկ Աբրահամյանը: Երբ նա նշանակվեց, ասացի, որ նրան խանգարելու են: Խանգարեցին իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը: Տա աստված, որ նույնը չկրկնվի Կարեն Կարապետյանի դեպքում: Համենայն դեպս, մեկնարկը շատ լավն է»:

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` Հայաստանում քիչ բան է կախված ծրագրի բովանդակությունից. «Տարօրինակ ծրագրեր եմ կարդացել Հայաստանում` հանցակազմ պարունակողից մինչև «նյու վասյուկի»: Բայց ծրագրի բովանդակությունը ՀՀ-ում համարյա ոչինչ չի նշանակում: Բարի կամք ու համարձակություն է պետք, որ սայլը տեղից շարժվի: Հիմա կարծես թե ուզում են շարժել»:

Անդրադառնալով Վահան Բադասյանի հայտարարություններին` Գուրգեն Եղիազարյանը զգուշացրեց, թե նա չի լռելու և ամեն ինչ է ասելու. «Հերթով ամեն ինչ ասելու է, ձեր երեսը պատռելու է: Ազատվեք այդ շտաբի պետից, շտաբի պետը բանակի ուղեղային տրեստն է, այդտեղ նման մարդիկ գործ չունեն անելու»:

Մասնավորապես Մովսես Հակոբյանին վերաբերող հայտարարությունների մասին պարոն Եղիազարյանն ասաց. «Նա, լինելով պաշտպանության նախարար, գիտենք ինչպես սահմանը թողեց բանկա-բուտուլկայի հույսին: Հիմա խոսում են բնակարանների, միլիոնանոց դղյակի մասին: Բայց ցավոք, երբ դիմում եք Կարեն Կարապետյանին, պետք է ասեմ` նա չի կարող այդ հարցով լուրջ զբաղվել: Դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ ուժայինները վարչապետին չեն ենթարկվում»:

Գուրգեն Եղիազարյանը հավատում է, որ Կարեն Կարապետյանը կամային անձնավորություն է, և մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ կշարժվենք ու կապրենք այն Հայաստանում, որը թվագրվեց «Սասնա ծռերի» կողմից և այլևս հետ գնալու ճանապարհ չկա:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը որպես ցուցանիշ Կարեն Կարապետյանի կատարած քայլերի` համարում է այն, որ նրա` վարչապետ նշանակվելուց օրեր անց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, մինչդեռ նրան նախկինում ոչ ոք կպչել չէր կարողանում:

Կարեն Քոչարյանը Կարեն Կարապետյանի ետ գալը կապում է սպասվող ընտրությունների հետ. «Երկիրն այն վիճակում է, որ ՀՀԿ-ն էլ հասկացել է` նավը խորտակվում է իրենք էլ հետը»:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի տպավորությամբ, երբ լսում ես ՀՀ իշխանություններին, թվում է` կարծես նրանք մեզ չեն հասցրել այս վիճակին. «Համոզված եմ, որ կադրային փոփոխություններն անհրաժեշտ էին, բայց բոլորովին բավարար չէ ոչ միայն անձերի թվի հաշվով, այլև խորքային առումով»:

Տիկին Ալավերդյանը վստահեցնում է, որ Հայաստանում ստվերը կամ անօրինական մենաշնորհները գտնել շատ հեշտ է, քանի որ ստվերը գտնվում է «ամենաարևոտ և ամենատեսարժան» վայրերում: Ըստ Լարիսա Ալավերդյանի` եթե հասարակությունը չտեսնի, որ Սերժ Սարգսյանը փոփոխություններ է կատարում իր մտերիմների, անձնականների շրջանում, հասկանալի կլինի, որ նպատակադրումը միայն այս երկու ամիսն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31