«Նոր Սահմանադրությամբ Էրդողանը ցանկանում է միանձնյա իշխանություն ձեռք բերել: Նա սքանչելի քաղաքականություն է վարում եւ լավ զգում է երկրի ու քաղաքականության զարկերակը: Եթե Սահմանադրությունը հանրաքվեով անցավ, Էրդողանը կդառնա ժամանակակից սուլթան»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Թուրքիայում նախատեսվելիք Սահմանադրական հանրաքվեին, որի ժամկետը հստակեցված չէ, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:
Անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը՝ փորձագետն ընդգծեց, որ թուրքական բանակը մտել է Իրաք եւ Սիրիա. «Թուրքիան ասում է՝ մինչեւ իմը չստանամ, այդտեղից դուրս չեմ գա»: Սարգիս Հացպանյանը ներկայացրեց նաեւ Թուրքիայի տարածքային նկրտումների քարտեզը, համաձայն որի՝ Թուրքիան ցանկանում է «մաս պոկել» Բուլղարիայից, Հունաստանից, Վրաստանից, Իրաքից եւ Սիրիայից: Հետաքրքրվեցինք՝ Հայաստանը չի՞ մտնում Թուրքիայի տարածքային նկրտումների քարտեզի մեջ:
Սարգիս Հացպանյանը պատասխանեց, որ ոչ, սակայն ռուս-թուրքական մերձեցումը վտանգավոր է մեր երկրի համար. «Պուտինը մեզ համար ավելի վտանգավոր է, քան Էրդողանը կամ «Էրդողանների հավաքածուն»: Հիմա Թուրքիան մերժվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի կողմից եւ ինքնուրույն խաղացողի դեր է ստանձնում: Միակ տեղը, որտեղ կարող է վտանգավոր լինել, Արցախն է: Արցախի ապագան է խնդրո առարկան: Պետք է զգուշանալ Մոսկվայից: Պուտին-Էրդողան ջերմությունը մեր գլխին կջարդվի»:
Կարդացեք նաև
Թե Թուրքիայի պատմության որ ժամանակաշրջանում եւ ինչ նպատակով է մշակվել քարտեզը, քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ