Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Սաֆարյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Դատական նիստերին հարցաքննելով վկաներին՝ նաեւ վերջին վկային, եւս մեկ անգամ ինձ համար պարզ դարձավ, որ նախաքննությունը գնացել է ոչ միայն կոպիտ խախտումներով եւ ուղղակի մարդու գլխին գործ սարքելով, այլ գնացել է քրեական օրենսգրքով արգելված մեթոդներով: Մասնավորապես՝ վկաներից մեկն արդեն դատարանի դահլիճում մեր բոլորի հարցերին մի քանի անգամ պատասխանեց, որ ինքը չի տվել այնպիսի ցուցմունք, ինչպիսին որ քննիչն իր անունից գրել է: Հետո մենք ականատես եղանք, որ մյուս վկան ասաց, որ իր հարցաքննության ժամանակ ինքը հարցաքննությանը մասնակցել է, հետո հեռացել է քննչական մարմնի շենքից մի քանի օր հետո վերադարձել է եւ շարունակել է հարցաքննությունը, այնինչ քննիչը կեղծելով փաստաթուղթը գրել էր, որ հարցաքննությունը տվյալ վկայի սկսվել եւ ավարտվել է նույն օրը:
Եվ վերջին վկան իր ցուցմունքում ասաց, որ ինքը ուրեւիցե մեկին տեսակցության մեջ մատնացույց չի արել, չի ասել, որ այս մարդն է հարվածողը, չի ասել, որ այս մարդն է այս ոստիկանին հարվածել եւ անգամ վկան էլ իր կողմից մեկնաբանություն տվեց, ասաց ես ոնց կարող էի այդպիսի բան ասել, եթե ես այդ մարդկանց դեմքը չեմ տեսել: Անգամ ասաց, որ ոստիկանը համազգեստով էր, ես ի՞նչ իմանայի, որ նույն ոստիկանն էր եւ այլ: Սակայն քրեական գործի նյութերում գրված է, քննիչը գրել է, թե այս վկան մատնացույց արեց տեսագրության վրա Գեւորգ Սաֆարյանին եւ ասաց, որ հարվածողը Գեւորգ Սաֆարյանն էր եւ մատնացույց արեց Գեղամ Խաչատրյանին եւ ասաց՝ հարված ստացողը Գեղամ Խաչատրյանն է: Այսինքն` այստեղ կան ակնհայտ քրեական օրենսգրքով արգելված գործողություններ եւ կոչ եմ անում դատախազության ներկայացուցչին այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատասխանատվության ենթարկել:
Այս ամենը ցույց է տալիս, պարոն դատավոր, որ ինչպես մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք այս քրեական գործը որեւիցե կապ չունի իրավաբանության հետ, սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է»:
Կարդացեք նաև
Դատախազ Վահե Դոլմազյանը պատասխանեց, որ եթե Գեւորգ Սաֆարյանը ցանկանում է հաղորդում տալ, ապա պատշաճ կարգով պետք է մատնացույց անի, թե ով ինչ արարք է կատարել: Նա նշեց, որ նախորդ նիստին հարցաքննված վկան՝ Արտյոմ Քոչարյանը նման պարզաբանում չի արել, այլ նկարագրել է որոշակի տաբատով անձի կողմից կատարված գործողություն: Իսկ մյուս վկան նշել է, որ վատ զգալու պատճառով դուրս է եկել եւ մի քանի օր հետո է ստորագրել:
Դատարանը նշեց, որ գնահատականները կարող են հնչել դատական վիճաբանությունների փուլում, իսկ այժմ գործի քննությունը ապացույցների հետազոտման փուլում է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ