ՍԴ որոշմամբ արտահայտված դիրքորոշումները պետք է հաշվի առնվեն օրենսդրական հետագա բարեփոխումների շրջանակներում. Սահմանադրական դատարանի իրավական գնահատականները՝ Վարուժան Ավետիսյանի դիմումի առնչությամբ
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2016թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ՝ Վարուժան Ավետիսյանի դիմումի քննության արդյունքում ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի վերոնշյալ հոդվածը ճանաչեց սահմանադրական: Այդուամենայնիվ՝ դիմումի քննության արդյունքում կայացված որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը կատարել է մի շարք ուշագրավ դիտարկումներ:
Մասնավորապես՝ Դատարանը գտել է, որ հատուկ վարույթի շրջանակներում վարչադատավարական ընդհանուր կանոններից տարբեր՝ առանձնահատուկ իրավակարգավորումներ նախատեսելը, այդ թվում՝ հավաքի անցկացման մասին լիազոր մարմնի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով, կոչված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կազմակերպական և ընթացակարգային ընդհանուր սկզբունքների իրացումը, միտված է արագ, արդյունավետ արդարադատության իրականացմանը, հանրային իրավական նշանակության հրատապ հարցերի լուծմանն ու անձանց՝ Սահմանադրությամբ ու օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանությանը:
Միաժամանակ, Դատարանը գտել է, որ օրենսդրությամբ ապահովվում է նյութական իրավունքի նորմերի արդյունավետ իրացումը, սակայն նույնը չի կարելի ասել դատավարական իրավունքի առնչությամբ. ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ օրենսդիրն ավելի իմպերատիվ է ընթացակարգային իրավունքի խախտումների դեպքում՝ վկայակոչելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, որով վարչական ակտի բեկանման համար հիմք կարող է հանդիսանալ դատարանի կողմից գործը ոչ օրինական կազմով քննելը: Վկայակոչելով միջազգային ու ներպետական մի շարք չափանիշներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումներ՝ Դատարանը փաստում է, որ «վերաքննության իրավունքից զրկվելով, քաղաքացին զրկվում է նաև իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից»:
Կարդացեք նաև
Դատարանի համոզմամբ՝ դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ դատական ակտի բողոքարկման հնարավորությունը կարող է ապահովել հանրային առավել բարձր վստահություն՝ հավաքների ազատության իրավունքի դատական պաշտպանության նկատմամբ: ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ այս տեսանկյունից իրավակարգավորումը հայեցակարգային նոր մոտեցում է պահանջում և ենթակա է լուծման օրենսդրական հետագա համակարգային բարեփոխումների շրջանակներում, հետևաբար՝ ՍԴ որոշմամբ արտահայտված դիրքորոշումները «պետք է հաշվի առնվեն դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշման հնարավոր բողոքարկման ընթացակարգերի ամրագրման շրջանակներում»: Հիշեցնենք՝ 2016 թ. հունվարի 29-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի կողմից՝ նույն թվականի փետրվարի 26-ին անցկացվելիք հավաքի և երթի մասին իրազեկման վերաբերյալ որոշմամբ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը սահամանափակել է հավաքի անցկացման ժամանակահատվածը՝ կրճատելով այն, և արգելել վրանների տեղադրումը հավաքի վայրում: Վերոնշյալ որոշումը Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, որն էլ 2016 թ. փետրվարի 19-ին մերժել է հայցը և վճռի եզրափակիչ մասում, համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի, նշել, որ «Սույն վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ