«Նոր եմ վերադարձել ԼՂՀ-ից: Հնարավորություն ունեցա ավտոմեքենայով վերադառնալ Քարվաճառի հատվածով: Ուրախությամբ ուզում եմ ասել, որ ձյուն էր մաղում»,-Արցախից Երեւան ուղեւորությունն այսպես է նկարագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ Ադրբեջանում համանախագահները հանդիպել են երկրի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Այժմ էլ անհամբերությամբ սպասում են ՀՀ նախագահ Սարգսյանի, նաեւ պաշտպանության նոր նախարարի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներին:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի նպատակների մասին, Ուորլիքն ասաց. «Եկել ենք խոսելու հրադադարի պահպանման նկատմամբ հարգանքի ապահովման մասին: Մեզ համար գոհացնող է, որ ապրիլից հետո հրադադարն, ընդհանուր առմամբ, ապահովվել է: Եղել են դեպքեր, դրանց առիթով ուզում ենք խոսել կողմերի հետ, տեղյակ ենք շփման գծում լարվածության մասին»:
Մյուս նպատակը, ըստ Ջեյմս Ուորլիքի, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների իրականացմանը հետամուտ լինելն է. «Դրանց իրականացման մասին ենք խոսելու, նախագահ Սարգսյանի հետ էլ այդ ուղղությամբ կշարունակենք քննարկումը: Աշխատում ենք տեւական խաղաղության ապահովման ուղղությամբ: Խաղաղություն, որին արժանի է տարածաշրջանի ժողովուրդը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ