Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում տեսնել վարչապետ, որը բիզնես -օմբուդսմենի դերակատարում է ստանձնում»

Հոկտեմբեր 25,2016 15:39

Արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հարցազրույցին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ վարչապետը նշել էր, թե ցանկացած ոք կարող է անխոչընդոտ ապրանք ներկրել, իսկ եթե լինեն խոչընդոտողներ, անձամբ իրեն զանգեն, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը նկատեց. «Չեմ ուզում տեսնել վարչապետ, որը բիզնես -օմբուդսմենի դերակատարում է ստանձնում»:

Այսօր «Մեդիա կենտրոնում» պարոն Հակոբյանն ասաց. «Վերջապես պետք է կարողանանք ստեղծել ինստիտուտ որպես այդպիսին, այլ ոչ թե անձնավորված վարչապետ, որը ավելի հասանելի է հեռախոսին»:

Ըստ պարոն Ավագյանի, ծրագրում արդեն կա գործարար շահի հաշտարարի վերաբերյալ դրույթ: Ծրագրում ընդգրկված այն կետը, թե 2017-ին կառավարությունը կփորձի վերլուծություն անել եւ 2018-ին ներդնել, այնպիսի մեխանիզմներ, որոնք կաջակցեն փոքր ու միջին բիզնեսին, ըստ Հակոբ Ավագյանի, սա խոսում է այն մասին, որ այդպես էլ չենք կարողացել ապահովել հանձնում-ընդունումը նախորդ կառավարությանը:

«Մասնավորապես այդ հարցի շուրջ Եվրոպական բանկի փորձագետների բազմաթիվ վերլուծություններ կան: Դա այն ինստիտուտն է, որը պետք է գնահատի՝ լավ է աշխատում, թե ոչ, այլ ոչ թե զանգել վարչապետին, ասել՝ չի աշխատում»:

ՓՄՁ ներկայացուցիչը նոր ծրագրով կադրային փոփոխություններ էր ակնկալում, հատկապես մաքսային ոլորտում, քանի որ պարոն Հակոբյանի համոզմամբ, համակարգում աշխատող մաքսավորը սովոր էր այն կանոններով աշխատելուն եւ չի կարող ապրել ցածր աշխատավարձով:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանին զարմացրել եւ ուրախացրել է, որ այս նոր կառավարության հետ «մեծ հույսեր կապվեցին»: «Այս կառավարության օրոք մարդիկ նույնիսկ անձնական նամակներ, խնդրանքներ են գրում վարչապետին, ինչը նշանակում է, որ հասարակությունում էական արձագանք տվեցին այն կադրային փոփոխությունները, որոնք տեղի ունեցան: Եթե նախկինում վարչապետ, նախարար պաշտոնն ընկալվում էր որպես իշխանություն, այսինքն` նվեր, որպես լիազորություն ավելի շատ, այս կառավարությունն ավելի շատ ընկալվեց, որ պատասխանատվություն է ստանձնել ինչ -որ բան անելու»:

Պարոն Խուրշուդյանի համար, սակայն, ընդունելի չէ, որ ծրագրում նշված հիմնական գործիքը սուբսիդիան է. «Այնքան սուբսիդիա կա այս տեքստում, որ մարդ իրոք վախենում է: Սուբսիդիան հարկատուների հաշվին է»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ, որը նույնպես մասնակցում էր «Մեդիա կենտրոնի» քննարկմանը, ժամանակն է հրաժարվել փոքր ու միջին բիզնես տերմինից եւ օգտագործել «միկրո եւ փոքր բիզնես»: Ըստ նրա, Հայաստանն առաջին հերթին այս խնդիրն ունի լուծելու: Թաթուլ Մանասերյանի խոսքերով, խոշոր եւ միջին բիզնեսն էլ ունի խնդիրներ, բայց նրանք որոշ չափով կայացած են:

Նա դրական համարեց, որ կառավարության ծրագրի մշակման եւ ներկայացման փուլում նոր մշակույթ է ձեւավորվել` քաղհասարակության մասնագիտացված շերտին մասնակից դարձնելու, որոշումներ կայացնելու փուլում: Նա միանգամայն իրատեսական է համարում, որ վեց ամսում ծրագիրը կիրականացվի եւ համամիտ է Հակոբ Ավագյանի այն մտքին, որ նախկին կառավարություններից ընդունում-հանձնում պետք է տեղի ունենա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31