Լրահոս
Օրվա լրահոսը

Խոդորկովսկին Արևմուտքին կոչ է անում պատրաստվել հետպուտինյան Ռուսաստանի ժամանակաշրջանին

Հոկտեմբեր 25,2016 14:59

Ռուս ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանը չի կարող ունենալ զարգացման այլ ճանապարհ, բացի եվրոպականից, և մի օր երկիրն անխուսափելիորեն կշրջվի դեպի Արևմուտք: Այս մասին նա գրել է գերմանական Frankfurter Allgemeine թերթում հրապարակված հոդվածում:

«Ռուսաստանն այս պահին գտնվում է դեպի ավտորիտար պետություն անցումային հերթական փուլում: Պետությունը գնալով ավելի շատ է իրեն զգում քաղաքացիների նկատմամբ բացարձակ տիրոջ դերում և գնալով ավելի բացահայտ է ցուցադրում իր իշխանությունը»,- գրում է Խոդորկովսկին:

Հոդվածագիրը կարծում է, որ դեպի ավտորիտարիզմ ճանապարհին մեծ ազդեցություն ունեցան երկրում տեղի ունեցած Պետդումայի ընտրությունները: «Փաստացիորեն, սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում ավելի խորը թաղեցին պառլամենտարիզմի ինստիտուտը: Եթե ընտրությունների արդյունքները մաքրենք խախտումներից, ստացում է որ ընտրություններին մասնակցել է բնակչության 36.5%-ը, իսկ «Եդինայա Ռոսիան» սահմանադրական մեծամասնություն է ստացել միայն բոլոր ընտրողների 15%-ի շնորհիվ»,- գրում է նա:

Խոդորկովսկին կարծում է, որ 2018թ. նախատեսված նախագահական ընտրությունները, «ինչպես որ Պուտինի մասնակցությամբ ցանկացած միջոցառում, անպայման կանցնեն հատուկ գործողության սցենարով, և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության համար դա կնշանակի նոր բռնաճնշումներ: Նախընտրական պայքարն, արդեն ակնհայտ է, կընթանա շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Կառավարությունը հույս ունի, որ գալիք տարում բնակչության իրական եկամուտները կսկսեն գոնե ինչ-որ կերպ ավելանալ (առավելագույնը 1%): Բայց դա միայն տարբերակներից մեկն է»,- ասվում է հոդվածում:

Խոդորկովսկին հիշեցնում է, որ 2017թ. խորհրդանշական՝ 2%-ով կավելացվի կրթության ծախսերը: Փոխարենը՝ 33%-ով կկրճատվի առողջապահությանը հատկացվող բյուջեն: Արդյունքում հատուկ ծառայությունների և բանակի ծախսերը 9.3 անգամ կգերազանցեն կրթության, և 14 անգամ՝ առողջապահության բյուջեին:

Եվ ամենաողբերգականը, հոդվածագրի կարծիքով, այն է, որ ռուսների կեսն այսօր քարոզչության ազդեցության տակ կարևոր է համարում հենց պաշտպանության վրա արվող ծախսերը: «Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում հավատալ քարոզչությանը, գնալով օտար են դառնում սեփական երկրում. վերջին 5 տարում Ռուսաստանից պաշտոնական տվյալներով հեռացել է տարեկան 120 հազար մարդ»,- գրում է Խոդորկովսկին:

Իսկ նրանց համար, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել, Կրեմլը մոդեռնիզացման ոչ մի ծրագիր չի պատրաստել: «Չէ՞ որ եթե Կրեմլն իսկապես սկսի պայքարել կոռուպցիայի դեմ, իր իշխանությունը կտապալվի: Իշխանության կառույցները կփլուզվեն, եթե երկրում առաջ գան անկախ դատարաններ, որոնք այնքան անհրաժեշտ են ձեռնարկատիրության զարգացման համար»,- գրում է հոդվածագիրը:

Արդյունքում, ըստ հեղինակի, իշխանություններին մնում է մեկ ուղի՝ «շարունակել նոր «սառը պատերազմն» Արևմուտքի հետ մինչև անվերջություն և իր քաղաքացիներին ներշնչել, որ երկրի բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր են արտաքին թշնամիները և Ռուսաստանում նրանց աջակիցները»:

«Այսօր ոչ մեկ չի կարող իմանալ՝ ինչ վիճակում երկիրը կթողնի պուտինյան վարչակարգը, և երբ դա տեղի կունենա: Բայց Ռուսաստանն էլ զարգացման այլ ուղի չի կարող ունենալ, բացի եվրոպականից, և այժմեականության մեկուսացման հանդուգն խաղից հետո երկիրն անխուսափելիորեն կշրջվի դեպի Արևմուտք՝ որպես մոդեռնիզացման աղբյուրի»,- գրում է Խոդորկովսկին:

Վերջում հոդվածագիրը կոչ է անում եվրոպական երկրներին «պատրաստվել Ռուսաստանում սպասվող փոփոխություններին ավելի լավ, քան 1991թ.»: Նրա կարծիքով՝ հետպուտինյան ժամանակաշրջանում Արևմուտքը պետք է պատրաստ լինի Ռուսաստանին առաջարկել եվրոպական արժեքներ, տեխնոլոգիաներ և ինտեգրում: «Մնացածը Ռուսաստանի բնակչությունն ինքը կապահովի»,- եզրափակում է Խոդորկովսկին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31