Հայաստանյան մամուլում եւ սոցիալական ցանցերում կրկին սկսել են շրջանառվել սկանդալային «Վիքիլիքս» կայքի դեռ 2014 թվականին հրապարակված փաստաթղթերն այն մասին, թե ինչպես էին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը, կուսակցության անդամները 2008 թվականին «բանակցություններ» վարում մի կողմից իշխանական, մյուս կողմից՝ Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքներ անող ընդդիմության հետ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին անվանում են «բազմակի օգտագործման». «Չնայած Բաղդասարյանը փորձում էր իրեն ներկայացնել որպես բարեփոխումների ջատագով, սակայն այդ հարցում նա բավականին ցածր վստահություն էր վայելում։ Նախ, նա շատ մոտ էր միանալու Տեր-Պետրոսյանի արմատական ընդդիմադիր շարժմանը կեղծված ընտրություններից մի քանի օր հետո, սակայն նորընտիր նախագահ Սարգսյանը հստակորեն Բաղդասարյանին ավելի լավ առաջարկ էր արել։ Բաղդասարյանը մեկ գիշերվա ընթացքում 180 աստիճանով փոխվեց, և, թվում է՝ ՕԵԿ ընտրազանգվածը զզվանքով լքեց նրան։ Սարգսյանը Բաղդասարյանին նշանակեց մի պաշտոնի, որը երբևէ ավելին չի եղել, քան դատարկ, համատեղվող և արարողակարգային դեր ենթադրող դիրք, և Բաղդասարյանը սկսել է փորձել դրանից կայսրություն սարքել։ Սա հիշեցնում է Բաղդասարյանի՝ իշխանական կոալիցիայի մեջ լինելու նախորդ՝ 2003-2006 թվականները, երբ նրան թույլ տրվեց դառնալ խորհրդարանի խոսնակ և ստեղծել բազմաթիվ նոր աշխատանքային կառույցներ։ Նախագահ Սարգսյանը կհանդուրժի Բաղդասարյանին, քանի դեռ նա կմնա գծի մեջ և կծառայի որպես իշխող կոալիցիայում քաղաքական բազմակարծության «խորհրդանիշ»։ Այնուամենայնիվ, մենք չենք հավատում, որ Բաղդասարյանը երբևէ իսկապես կդառնա ներքին խոհանոցի մարդ և կվայելի նախագահի կամ կառավարությունում որևէ մեկի հարգանքն ու վստահությունը (08YEREVAN829 2008 թ.)»։
Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հրաժարվեց փաստաթղթերի բովանդակային մասին անդրադառնալ`ասելով, որ այն ժամանակ բոլոր պարզաբանումներն ու մեկնաբանություններն այդ առիթով տրվել են:
Կարդացեք նաև
Այդ հրապարակումները կրկին շրջանառության մեջ դնելը նա մեկնաբանում է այսպես. «Սա նախընտրական կամպանիայում սեւ PR-ի մեխանիզմներն օգտագործելու հերթական դրսեւորում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ