Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ կարգավիճակը բանակցային սեղանին է». Ուորլիքն արձագանքեց Ալիեւի հայտարարությանը. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2016 14:40

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նրան խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի՝ վերջերս հնչեցրած հետեւյալ հայտարարությունը: «Ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Եվ սա համահունչ է այն առաջարկներին, որոնք Մինսկի խմբի միջնորդներն առաջ են քաշում»:

Ջեյմս Ուորլիքը պատասխանեց, որ հակամարտության կարգավորման բոլոր տարրերը քննարկման փուլում են. «Ուզում ենք ամբողջական եւ անկեղծ քննարկումներ լինեն ոչ միայն առանձնազրույցներում, այլեւ նման քննարկումներ լինեն նաեւ հասարակության հետ: Ալիեւը քննարկում է բացել կարգավիճակի հարցի վերաբերյալ: Դա մի բան է, որ բոլորս պետք է ողջունենք եւ անկեղծ քննարկում ծավալենք ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ: Կողմերի դիրքորոշումները կարող են նույնական չլինել, բայց կարեւոր է այդ հարցերը ներկայացնել հասարակության դատին՝ Ադրբեջանում եւ Հայաստանում: «Ողջունում ենք Ալիեւի այդ հայտարարությունը՝ ոչ նրա համար, որ դա վերջին խոսք է, այլ նա համար, որ նա այդ հարցը քննարկման թեմա է դարձնում»:

Այլ հարցերին ի պատասխան, Մինսկի խմբի համանախագահը նաեւ նշեց, որ իր երազանքը հետեւյալն է. «Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները կարողանան կողք կողքի խաղաղ եւ անվտանգ ապրել: Եղել են ժամանակներ, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրել են: Մեր աշխատանքը որպես միջնորդներ ուղղված է տեւական խաղաղության ապահովմանը եւ այն նպատակին, որ տարածաշրջանի ժողովուրդն արժանի է ապրելու անվտանգության մեջ: Ուզում ենք կրկնապատկել մեր ջանքերը՝ հասնելու մի կարգավորման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Հավատում եմ՝ կտեսնենք հայերին եւ ադրբեջանցիներին՝ կողք կողքի ապրելուց»:

Ջեյմս Ուորլիքը նաեւ կարծիք հայտնեց, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից է. «Այն պետք է լինի: Դա բանակցային սեղանին դրված հարցերից է: Մենք խոսում ենք վերջնական կարգավիճակի եւ հանրաքվեի մասին: Հուսով եմ՝ այդ հարցերը հանրային քննարկման մաս կլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31