ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր հանդիպում է ունեցել մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորևի հետ:
Տեղեկացնենք, որ սա ռուսական խոշոր ընկերության ներկայացուցչի երկրորդ այցն է մեր երկիր: Առաջին անգամ Ա. Գրիգորևը Հայաստան էր ժամանել մի քանի ամիս առաջ՝ ՀՀ ՏՄՊՊՀ հրավերով՝ հայ արտադրողների արտադրանքին ծանոթանալու և տեղական մատակարարների հետ պայմանագրեր կնքելու նպատակով: Ա. Գրիգորևը ՀՀ Մրցակցային մարմնի նախագահին տեղեկացրեց, որ այսօր արդեն հայ արտադրողների հետ բանակցությունների արդյունքները առավել քան տեսանելի են և հավաստիացրեց, որ դրական հիմքի վրա դրված համագործակցությունը շարունակական է լինելու: «Մեր նպատակը այն է, որ հայկական արտադրանքը ներկայացված լինի արտերկրի խոշոր շուկաներում, այսօր իսկապես արտադրական և արտահանման մեծ պոտենցիալ ունենք, մեր շատ ապրանքներ կարող են մրցունակ լինել, մնում է միայն ձեզ հետ միասին վստահելի և երկարաժամկետ համագործակցության խնդիրը կարգավորել, ինչի հիմքը ուրախ եմ, որ արդեն իսկ դրվել է»,-իր խոսքում նշել է Ա. Շաբոյանը՝ ընդգծելով, որ շուրջ մեկ տարի է, ինչ ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկվում է և արդեն իսկ որոշակի իրավական հիմքի վրա է դրվել հայ գործարարների՝ մրցակցային հավասար պայմաններով գործունեության ապահովումը՝ ԵԱՏՄ անդամ երկրներում:
ՀՀ ՏՄՊՊՀ