Կառավարությունն առաջարկում է «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարել եւ ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, ըստ որի, երբ քաղաքացին այլ երկրի քաղաքացիություն էր ձեռք բերում, պետք է ոստիկանությանը հայտներ այդ մասին, իսկ չհայտնելու դեպքում տուգանք էր նախատեսվում 50 հազար դրամ: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասաց, որ 1999-ից մինչ օրս ընդամենը 1 քաղաքացի է տուգանվել՝ 2013-ին: Ընդ որում, այդ քաղաքացին էլ տուգանվել է պատահաբար:
Եղիազարյանն ասաց, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն անձանց համար, որոնք ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն, չեն տեղեկացրել այդ մասին եւ ՀՀ-ում զբաղեցնում են այնպիսի պաշտոններ, որ արգելվում է այլ պետության քաղաքացիներին զբաղեցնել: Երկքաղաքացիության մասին հայտնելը միայն պաշտոնատար անձանց համար է մնում ուժի մեջ: Մյուս քաղաքացիները կազատվեն ոստիկանությանը իրենց երկքաղաքացիություն ստանալու մասին տեղեկացնելու պարտականությունից:
Վարդան Եղիազարյանը նշեց, որ երկքաղաքացիություն ստացել են իրենց հաշվարկներով 94-95 հազար քաղաքացի: Հիմնականում ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերում:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ մենք, որպես ինքնիշխան պետություն, լծակներ չունենք, որպեսզի հաշվառենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն նաեւ այլ երկրի քաղաքացիություն: Ջհանգիրյանը վստահ է, որ փոխոստիկանապետի նշած թիվը՝ 94-95 հազար, չի համապատասխանում իրականությանը, իրականում ավելի շատ են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն: Ինչ վերաբերում է նախագծին, նա ասաց, որ բնականաբար, պետք է ընդունեն նախագիծը, որովհետեւ մեռած դրույթներ են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ