Այսօր խորհրդարանում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում նախարարը պատգամավորների հետ քննարկում էր բանակում առկա իրավիճակը, խնդիրները, որոնք առավել արտահայտիչ դարձան ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
Քննարկումը փակ էր: Մոտ մեկ ժամ տեւած քննարկումից հետո նախարարը հեռացավ`չպատասխանելով լրագրողների հարցերին: Մինչ քննարկման ավարտը, սենյակից լսվում էին պատգամավորների ձայները`հիմնականում Խաչատուր Քոքոբելյանի եւ Առաքել Մովսիսյանի:
Aravot.am-ի տեղեկություններով քննարկման ժամանակ արտառոց որեւէ հարց չի բարձրացվել: Քննարկվել են այն բոլոր հարցերը, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո քննարկվում են թե մամուլում, թե խորհրդարանում, թե հասարակական շրջանակներում եւ հանրության մեջ: Հարցադրումներով հիմնականում հանդես են եկել ընդդիմադիր պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը: Ցավոտ հարցերին է անդրադարձել նաեւ Առաքել Մովսիսյանը (Շմայս):
Կարդացեք նաև
Վիգեն Սարգսյանը, ի զարմանս պատգամավորների, նույնպես խոսել է բանակի թերություններից`չի փորձել դրանք կոծկել, ավելին, դրանց անդրադարձել է բոլոր նրբություններով: Լուծումների մասին նախարարը չի խոսել: Բայց որոշ պատգամավորներ հույս ունեին, որ նա փորձելու է նաեւ լուծումներ գտնել:
Ի դեպ, առաջիկայում նույն թեմաների վերաբերյալ ևս մեկ փակ քննարկում է նախատեսված, դարձյալ խորհրդարանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ