Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշքով ողջ մնացած հալեպահայ ամուսիններն աշխատանք են փնտրում

Հոկտեմբեր 25,2016 12:11

«Վեց տարի է՝ Հալեպում էլեկտրականություն չկա: Ամիսներով ջուր չունեինք, հորեր փորեցին, որ մարդիկ ջուր խմեին: Տաքանալու հնարավորություն էլ չունեինք»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողներին պատմեց մեկ շաբաթ առաջ ընտանիքով Հալեպից Երեւան տեղափոխված Գոհար Գալստյանը:

Նա պատմեց, որ մինչեւ հայրենիքի ճանապարհը բռնելը՝ հրթիռակոծություններից պաշտպանվել են նկուղներում թաքնվելով. «Շատ նեղություններ տեսանք, բայց սեպտեմբերի երեսունի առավոտյան հրթիռներ էին նետվում: Երեխաներս դպրոցում էին: Վախի մեջ էի, ամուսինս ապահով տուն բերեց նրանց: Կեսօրին հրթիռն ամեն ինչ փլատակ դարձրեց, ամուսինս ու պստիկներս փլատակների տակ էին: Արյունոտված, վիրավոր վիճակում դուրս հանեցինք: Այնքան ծանր էր քարը, որ չկարողացա ամուսնուս հանել տակից, գոռում էի, որ օգնեն»:

Ոստիկանների եւ կառավարական զինվորների օգնությամբ Գոհար Գալստյանի ամուսնուն եւ երեխաներին հանել են փլատակների տակից եւ հեղափոխել հիվանդանոց:

«Երկրորդ հրթիռը տունս փլատակ դարձրեց, անգամ հագուստ չկարողացա գտնել, ամեն ինչ այրվեց»,-հուզվելով ասաց նա: Նաեւ տեղեկացրեց, որ բարերարը նրանց համար Երեւանում վեց ամսով տուն է վարձակալել:

Հիմա ամուսիններն աշխատանք են փնտրում. «Պետք է աշխատենք, որ երեխաներն ապրեն»: Գոհար Գալստյանը Հալեպում երկար տարիներ բուժքույր է աշխատել, իսկ ամուսինը՝ պահակ:

Անդրադառնալով Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար օգնությանը՝ Գոհար Գալստյանն ասաց, որ հալեպահայերը քաղցրավենիքի եւ ծխախոտի կարիք չունեն. «Ժողովրդին փող է պետք՝ գումարի կարիք ունեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31