Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանրաձող» բարձրացնելը միայն կառավարության խնդիրը չէ. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 25,2016 12:08

Հարցազրույց ՀՊՏՀ տնտեսության կարգավորման եւ ՄՏՀ ֆակուլտետի դեկան ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

-Մեր հասարակության մի զգալի հատված դրական ազդակներ է ստացել վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերից, կա մեծ սպասում, որ վարչապետը ոչ ստանդարտ քայլերով իրավիճակ կփոխի: Բայց միաժամանակ կա մտավախություն՝ նոր կառավարությունն ի զորու կլինի՞ բարձրացնել այն «ծանրաձողը», որը դրվեց կառավարության ռիսկային ծրագրի հիմքում:

-Այն իրավիճակը, որում գտնվում է մեր երկրի տնտեսությունը, այո, պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ: Բացասական ազդակները, որ հատկապես գալիս են արտաքին շուկաներից, ստիպում են, որ նոր կառավարությունը, որը ստանձնել է իրավիճակը փոխելու, բարելավելու պատրաստակամություն` հաշվի առնի այդ գործոնները:

Այստեղից էլ բխել է լուծումների այն փաթեթը կամ հավաքածուն, որ նախընտրել է Կարեն Կարապետյանի «կաբինետը»: Այդ առումով ստացվել է բավական հավակնոտ, համարձակ լուծումների վրա հիմնված ծրագիր, որը տեղ-տեղ հիշեցնում է գործողությունների կամ միջոցառումների ծրագիր:

Ինչ վերաբերում է «ծանրաձողը» բարձրացնելու կարողությանը, ապա դա կախված է ոչ միայն զուտ կառավարության ունակություններից, այլեւ քաղաքական կամքից ու այն աջակցությունից, որ այս իրավիճակում բնականաբար պետք է ցուցաբերի ե՛ւ երկրի նախագահը, ե՛ւ խորհրդարանը` գոնե քաղաքական մեծամասնությունը:

Եվ պատահական չէ, որ վարչապետը հանրությանն ուղղված իր խոսքում ակնկալեց նրա աջակցությունը, մասնակցությունն ու բոլոր շերտերի ներգրավվածությունը: Քանի որ նման ակտիվության պայմաններում միայն կարելի է «ծանրաձող» բարձրացնել: Այնպես որ, «ծանրաձող» բարձրացնելը զուտ կառավարության խնդիրը չէ, այն բոլորինն է:

-Օրերս իր հարցազրույցներից մեկում գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն ասել էր, թե սա վերջին շանսն ու հնարավորությունն է Հայաստանի համար, երկրորդը չի լինելու, ու միաժամանակ կոչ արել` համախմբվել եւ օգնել վարչապետ Կ.Կարապետյանին: Մի ձեռքը ծափ տալ չի կարող, բայց ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ օժանդակությունը:

-Ռուբեն Վարդանյանի մտքերին, նրա հարցազրույցներին ծանոթ եմ, դժվար է չհամաձայնել նրա դատողություններին ու առաջարկություններին: Խնդիրը մի քանի շերտ է ենթադրում։

Նախ՝ այս կարգի խնդիրների լուծման քաղաքական բաղադրիչը ենթադրում է ընտրովի պատասխանատու, լեգիտիմ իշխանության ձեւավորում, որովհետեւ միայն հաշվետու իշխանությունը կարող է իրավիճակի փոփոխման պատասխանատվություն ստանձնել:

Հաջորդը վստահության եւ արդարության ռեսուրսի վերականգնումն է: Եթե քայլերն անկեղծ են, նպատակները ազնիվ, եթե կառավարությունը եկել է աշխատելու, շտկելու գոնե առաջիկա ժամանակահատվածի խնդիրները, ապա դրա իրականացման համար կարիք կա հանրային վստահության ու աջակցության: Եթե դրսեւորվի քաղաքական կամք, ու կառավարությունը դրական ազդակներ տա ու իր քայլերով համոզի, որ կատարվողը բարեփոխումների իմիտացիա չէ, ապա, անշուշտ, հասարակությունը նրան նեցուկ կլինի:

Կարեն Կարապետյանի կառավարությունը իր մեկնարկը տվեց ոչ ստանդարտ իրավիճակում, այն չի ձեւավորվել ընտրությունների, քաղաքական կոնսենսուսի շնորհիվ, այլ պարզապես ծանր իրավիճակում Կ.Կարապետյանին հրավիրել են որպես որակյալ մենեջերի, տվել հնարավորություն ձեւավորելու «կաբինետ» ու ստանձնելու պատասխանատվություն:

Այն հիմնարար խնդիրները, որոնք վկայակոչում են տարբեր փորձագետներ, գործարարներ, տասնամյակների ընթացքում ստեղծված ոչ այնքան բարենպաստ իրողություններ են: Առաջին հերթին դա վերաբերում է բիզնեսի եւ իշխանության սերտաճման հիմնախնդրին: Գաղտնիք չէ, որ այս խնդիրը լուրջ թնջուկի է վերածվել` մենաշնորհներ, տնտեսության օլիգարխիկ կառուցվածք, ստվերայնության բարձր մակարդակ, գործարար ակտիվության սահմանափակումներ՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի մասով. սրանք բոլորը ներքին խնդիրներ են:

Բիզնեսի եւ իշխանության սերտաճման հետեւանքով խորհրդարանում ունենք խոշոր գործարարներ, որոնք ձեւականորեն են մասնակցում օրենսդրական գործունեությանը: Մանդատը նման մարդկանց համար ուղղակի անձեռնմխելիություն ապահովելու գործիք է:

Բացի դրանից, մեր տնտեսությունը կառուցվածքային առումով խոցելի է, սրան էլ գումարած արտաքին պարտքը, ինչն արդեն ՀՆԱ-ի նկատմամբ գերազանցում է 50 տոկոսը, նաեւ արտաքին շոկերը կամ բացասական ազդակները` մասնավոր տրանսֆերտների ներհոսքի կտրուկ կրճատում, նաեւ միջազգային շուկաների անբարենպաստ կոնյունկտուրան, հատկապես էներգակիրների, պղնձի գների անկումը եւ այլն: Այսինքն` այս գործոնները ամեն մի կառավարության համար բարդ իրավիճակ են ստեղծում, այն առավել բարդ է նոր կառավարության համար:

Չնայած սրան, նոր կառավարության ծրագիրն իր խոստումներով, ձեւակերպումներով, կոնկրետությամբ որոշակի հույսեր է արթնացրել մարդկանց մեջ, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով իրեն այս գործընթացի մասնակից է զգում` ՓՄՁ-ները, խոշոր գործարարները, պաշտոնյաները, միջնորդ ֆինանսական ինստիտուտները, կառավարական կառույցները, պոտենցիալ ներդրողները, այս ամենի նկատմամբ լինեն լավատես ու կառավարությանը հնարավորություն տան ստանալ դրական արդյունքներ:

Մյուս խնդիրը կոռուպցիան է, որ դարձել է համակարգային խնդիր, այն խժռում է հսկայական ռեսուրսներ: Իմ դիտարկմամբ, այն կազմում է ՀՆԱ-ի առնվազն 10 տոկոսը, այսինքն՝ 1-1,5 մլրդ դոլար փոշիացվող միջոցներ են, որոնք այլ պայմաններում կարելի է վերածել զարգացման ռեսուրսի: Եվ պատահական չէ, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը ձեւակերպել է որպես առաջնահերթություն:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31