Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ խնդիր է լուծում «ազգ-բանակ» գաղափարը. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 25,2016 11:49

Կառավարության ծրագրում, ի շարս հանրային, տնտեսական, իրավական գործընթացների կազմակերպման հետ կապված այլ նորամուծությունների, ամրագրված է «ազգ-բանակ» գաղափարը։

Ինչո՞ւ առաջացավ կամ ինչո՞վ է պայմանավորված այդ դրույթին ծրագրային ձեւակերպում տալու անհրաժեշտությունը, եւ ի՞նչ է դա նշանակում։ Մեր հարցերին պատասխանում են խորհրդարանական փոքրամասնության եւ մեծամասնության ներկայացուցիչները։

ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ
ՕԵԿ խմբակցության քարտուղար

-Պաշտպանության նախարարի պարզաբանումներից դատելով՝ «ազգ-բանակ» գաղափարը դիտվում է ոչ միայն որպես երկրի պաշտպանունակության ամրապնդման, այլեւ տնտեսությունը խթանելու գործիք։ Դուք տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը։

-Իրականում ունենք կարեւորագույն մի խնդիր, այն է՝ ժողովրդագրական, տնտեսական իրավիճակը գնալով ավելի ու ավելի մեծ հարցեր է առաջացնում երկրի պաշտպանունակության ապահովման հետ կապված։ Ե՛վ մարդկային ռեսուրսներն են պակասում, ե՛ւ տնտեսական ռեսուրսները, եւ այստեղ իսկապես լուրջ խնդիր կա։
Հասկանալի է, որ այս պայմաններում առաջանում է պաշտպանության ոլորտում նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտություն։ Այսինքն՝ ռեսուրսների պակասը լրացնելու համար փորձ է արվում ընտրել պաշտպանության այնպիսի հայեցակարգ, որը թույլ կտա առավելագույնս օպտիմալացնել, իմի բերել գոյություն ունեցող ռեսուրսները։

Օրինակ, խոսքը վերաբերում է նրան, որ ներդրվեն մարտական պատրաստվածության նոր մեխանիզմներ, եւ այս պարագայում անհրաժեշտ է հստակեցնել՝ ցանցակենտրոն պատերազմների կամ ցանցակենտրոն մարտի գաղափարը մտնելո՞ւ է դրա մեջ, թե՞ ոչ։ Ասենք՝ Շվեյցարիայում կա քաղաքացի-զինվորների գաղափարը, որը խթանում է զորահավաքի արդյունավետ կազմակերպումը։ Սրանք այն ստանդարտ մեխանիզմները չեն, որ գործում են տարբեր երկրներում, այլ ավելի մեծ չափով ուղղված են սահմանների, տարածքների պաշտպանությանը, հակառակ եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես Ֆրանսիայի, որը 1999թ. 20 տարվա ստրատեգիայով՝ սպիտակ գրքով, անցում կատարեց պրոֆեսիոնալ բանակի։

Կամ՝ իսրայելական բանակում ներգրավվում են ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք, ամբողջ պետությունը մոբիլիզացվում է երկրի պաշտպանության ապահովման գաղափարի շուրջ։ Այսինքն՝ «ազգ-բանակ» գաղափարի ամրագրումը, ըստ էության, ազգային անվտանգության եւ պաշտպանության համակարգում ռեսուրսների մոբիլիզացման խնդիր է լուծում։

Իհարկե, այստեղ կա նաեւ տնտեսական գործոնը՝ ռազմական արդյունաբերության զարգացումն իր հետեւից բերելու է նոր աշխատատեղեր, բայց այսօրվա դրությամբ մեր հիմնական խնդիրը, իմ կարծիքով, մարդկային եւ տնտեսական ռեսուրսների պակասն է։ Այդ համատեքստում խոսվում է նաեւ խելացի ուժի գաղափարի մասին, ինչը ենթադրում է ոչ միայն կառավարման առումով կոնցեպտուալ մոտեցումներ, այլեւ տեխնիկական համալրվածության, հետախուզության կառավարման, մշտադիտարկման, որոշումների ընդունման արագության նոր մեխանիզմների ձեւավորում։

Երկրորդը՝ նույն ցանցակենտրոն պատերազմներին դիմակայելու պատրաստ ռազմական հատուկ ստորաբաժանումների ստեղծում, որոնք առավել հարմարեցված են, օրինակ, լեռնային պայմաններին։ Սա իր հերթին ենթադրում է համապատասխան տեխնիկական համալրվածություն, անհատական զինատեսակներով ապահովվածություն, կապի անհատական միջոցների վերահսկողություն, արբանյակային կապ եւ այլն։ Այսինքն՝ սա շատ լայն կոնցեպտ է, որը դեռեւս քննարկման փուլում է, այդ թվում՝ նաեւ արտասահմանյան երկրներում։

ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀՀԿ խորհրդարանական
խմբակցության անդամ

-Կառավարության ծրագրային նորամուծությունների մեջ պաշտպանության ոլորտի հետ կապված՝ կան նոր մոտեցումներ, որոնք անմիջականորեն բխում են երկրի առջեւ կանգնած նոր մարտահրավերներից։

Սկսենք նրանից, որ ծրագրում ամրագրված է երկրի պաշտպանության հարցերում կանանց գործուն մասնակցության խնդիրը։ Իհարկե, տարբեր ժամանակներում, երբ երկիրը կանգնած է եղել պատերազմի վտանգի առաջ, հայ կանայք կամավորության սկզբունքով միշտ կանգնել են տղամարդկանց կողքին՝ մեր մայրերը, քույրերը պատրաստ են եղել իրենց ամուսինների, եղբայրների հետ ուս ուսի պաշտպանել հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից։ Հիմա, երբ դրան տալիս ենք գրավոր ձեւակերպում՝ արդեն կառավարության ծրագրում է ամրագրվում կանանց մասնակցության հարցը, այս ամենը կամավորության դաշտից բերում ենք ավելի պրոֆեսիոնալ հարթություն։
Այսինքն՝ այսուհետ կանայք բուհական կրթությանը զուգահեռ կստանան համապատասխան գիտելիքներ, ինչի հիմքերն արդեն իսկ դրված են։ Եվ ի վերջո, կա նաեւ Իսրայելի փորձը։
 Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31