Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի անկեղծ խոստովանությունը

Հոկտեմբեր 25,2016 22:00

ՀՀ վարչապետը հայտարարում է. այո՛, Հայաստանը ոչինչ չի ստացել ԵԱՏՄ անդամակցությունից: Եվ այստեղ մի քանի հարց է ծագում:

Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հարցերին պատասխանելիս խոստովանեց, որ Հայաստանը ոչինչ էլ չի շահել Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով: Մյուս կողմից` վարչապետն ասում է, որ չկա վերլուծություն, թե ինչ կլիներ, եթե «այնտեղ չմտնեինք այս ճգնաժամային իրավիճակում, այն շուկայի վերաբերյալ, որի վրա մենք աշխատում ենք»:

«Պատկերացնենք՝ մենք ԵԱՏՄ-ի շուկայի մեջ լինեինք, մեր ապրանքը հիմնականում ուղղված լիներ դեպի այդ շուկաները, եւ ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք: Այդ անալիտիկան չկա: Երկրորդը՝ լինելով ԵԱՏՄ-ի շուկայում՝ մենք բացառո՞ւմ ենք այլ շուկաներում աշխատելը, ոչ: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք, եւ ինչ-որ ձեւով ԵԱՏՄ-ն մեզ խանգարո՞ւմ է, իհարկե՝ ոչ: Այդ իսկ պատճառով մենք կարո՞ղ ենք ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգտվել՝ հիմնականում մեզնից է կախված: Եթե մենք այդքան էլ չենք օգտվում, մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ:

Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ-որ մեկի դեմ չենք անում, չէ՞, ընկերությունը: Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում», – ասում է Կարեն Կարապետյանը:

Ի՞նչ է ստացվում: Այդ ի՞նչ ճգնաժամ էր, «ճգնաժամային իրավիճակ», երբ Հայաստանը պիտի ոչ այլ կերպ, քան մտներ այդ միության մեջ: Թարմացնենք մեր հիշողությունը: 2010 թվականից Եվրամիությունն Ասոցացման պայմանագրերի շուրջ բանակցություններ սկսեց ԵՄ Արեւելյան գործընկերության անդամակցող վեց պետություններից չորսի հետ՝ ներառյալ Հայաստանը, բացառությամբ Ադրբեջանի եւ Բելառուսի: Ընդ որում, խոսք էր գնում տնտեսական հարաբերությունների միջոցով մերձեցման մասին առանց ԵՄ անդամակցության որեւէ հեռանկարի՝ հաշվի առնելով այն, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը նույնպես մերձեցման քաղաքական կուրս են վերցրել, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը սեղմել են «վերբեռնման» կարմիր կոճակը, Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիան համարվել է որպես մի անհաջող «պատահար» եւ մատնվել է մոռացության:

Իսկ 2013-ի ամռանը հայտարարվեց, որ բանակցություններն ավարտված են, պայմանագրերը՝ համաձայնեցված, մնում է ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի պարագայում, կամ նախաստորագրել, ինչին պատրաստ էր Հայաստանը: Հիշեցնենք նաեւ, որ դեռ 2013-ի գարնանից Ռուսաստանն անցավ բացահայտ սպառնալիքների՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Վրաստանին եւ Մոլդովային եւ հատկապես՝ Ուկրաինային: Հիշեցնենք նաեւ, որ դրան հետեւեց սեպտեմբերի 3-ի խայտառակությունը, իսկ մոտ երեք ամիս անց «պայթեց» ուկրաինական Մայդանը, որին էլ հաջորդեց Ղրիմի անօրինական բռնակցումը Ռուսաստանին, Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումը, ռուսական զորքերի ուղղակի ներխուժումն Արեւելյան Ուկրաինա, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ եւ ռուսական տնտեսության սրընթաց անկում՝ նավթի գներին զուգահեռ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ «չկա անալիտիկա», թե ի՞նչ կլիներ, եթե մենք չմտնեինք այդ դեպքում ԵԱՏՄ: Խորը «անալիտիկայի» կարիք չկա, որպեսզի պարզ լիներ. ռուսներն առանց աչքը թարթելու Հայաստանը կվերածեին երկրորդ Դոնբասի: Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը խոստանում էր «սոցիալական պայթյուն» արդեն հոկտեմբերին, Դուգին-Գլազյեւ-Կուրգինյան-Միհրանյան շրջանակը տարբեր՝ «Կրեմլին կից փորձագետների» հետ միաձայն խոստանում էին Արցախի կորուստ:

Այսինքն՝ Ռուսաստանի քաղաքական մուտացիայի ժամանակագրությանը հետեւելը բավարար է՝ պատկերացնելու համար, թե ի՞նչ էր մեր «դարավոր բարեկամը» նախատեսում, առանց «անալիտիկայի» որեւէ անհրաժեշտության:

Առանձին քննարկման առարկա է, թե ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ մերժել Ռուսաստանի «անպարկեշտ առաջարկությունը», երբ այդ ռեսուրսն ուղղակի միտումնավոր մսխվեց Ռոբերտ Քոչարյանի տասնամյակի տարիներին, երբ Իրանից եկող գազամուղը «բարակեց», երբ 2010-2013թթ. ՀՀ իշխանությունները մատները մատներին չխփեցին, որպեսզի առավելագույնս ադապտացնեն քաղաքական եւ տնտեսական համակարգը սպասվող անցման շրջանին, որը, բնականաբար, հեշտ չէր կարող լինել, երբ սուպերօլիգարխները ռուսական ԶԼՄ-ներով «սեր էին բացատրում» առ պուտինյան «գաղափարները» դեռ 2012-ին, մինչդեռ այն ժամանակվա վարչապետը հիմնավորում էր նույն ռուսական ԶԼՄ-ներում, թե ինչո՞ւ Հայաստանը չպիտի՛ անդամակցի այդ, այսպես կոչված, «Եվրասիական» միությանը (չնայած այժմ հենց նա՛ էլ ԵԱՏՄ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում…) եւ այլն:

Իսկ ՀՀ վարչապետը հիմա ասում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար «անհրաժեշտություն» է: Իհարկե, Կարեն Կարապետյանը անցյալի քաղաքական որոշումներն ընդունելու մասնակիցը պաշտոնի բերումով չի եղել, սակայն ժառանգել է դրանց ողջ ծանրությունը: Եվ քաղաքական թիմի տրամաբանությունը պահանջում է, որպեսզի վարչապետը չխախտի թիմային «սահմանները» եւ փորձի դիվանագիտորեն խուսանավել այդ «ստորջրյա քարերի» արանքում: Բայց եւ այնպես, ուշագրավ է այն, որ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե մեզ ԵԱՏՄ-ն «չի խանգարում», «մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ-որ մեկի դեմ չենք անում, չէ՞, ընկերությունը: Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում»:

Որքանով է այն խանգարում կամ ոչ՝ ցույց կտան առաջիկա ամիսները, երբ կտեսնենք՝ կունենա՞նք արդյոք նոր պայմանագիր Եվրամիության հետ, եւ ի՞նչ բովանդակություն այն կունենա, երբ այդ պայմանագիրը ստորագրվի, կունենա՞նք արդյոք նոր պայմանագիր ԱՄՆ-ի հետ, կդառնա՞ արդյոք Հայաստանը տարանցիկ երկիր իրանական ածխաջրածինների համար, կդառնա՞ կամուրջ Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ՝ վերածվելով «չուլանից» միջանցքի:

Սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանի իշխանությունն աշխարհի համար քաղաքական խնդրից վերածվել է քրեա-քաղաքական խնդրի եւ հասել է Միջազգային քրեական դատարանի «դուռը», իսկ Պուտինի եւ նրա շրջապատի «տղերքի» հետ նույն սենյակում գտնվելը համարվում է հարված քաղաքական բարի համբավին, ապա շատ դժվար է պատկերացնել, որ ռուսներն ըմբռնում կդրսեւորեն այն մոտեցմանը, թե «մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ-որ մեկի դեմ չենք անում, չէ՞, ընկերությունը»: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ «ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում»…

… Հոկտեմբերի 23-ին լրացավ Հունգարական ապստամբության 60-ամյակը: 60 տարի առաջ հունգարացիները զզվել էին կոլխոզ-սովխոզ-սոցիալիստական նորամուծություններից, որոնք իրենց հետ բերել էին սովետական օկուպանտները, եւ դուրս եկան խաղաղ ցույցի: Սակայն այդ ցույցը գնդակահարվեց: Այդ ժամանակ կատաղած ամբոխը սկսեց սյուներից կախել տեղական կոմունիստներին եւ չեկիստներին, ինչից հետո Արեւմուտքի լռության ֆոնին սովետական տանկերն ուղղակի արյան մեջ խեղդեցին ապստամբությունը: 12 տարի անց չեխերը եւ սլովակները նույնպես ընդվզեցին, եւ Չեխոսլովակիայի կոմունիստներն ընդամենը առաջարկեցին «սոցիալիզմ մարդկային դեմքով», եւ մոտավորապես նույնն էին ասում. «Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ-որ մեկի դեմ չենք անում, չէ՞, ընկերությունը», «ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում» եւ այլն: Խոսքը որեւէ սովետական դաշինքից դուրս գալու մասին չէր, ընդամենը «մարդկային դեմք»: Դրանից հետո Ալեքսանդր Դուբչեկը կանչվեց Մոսկվա, նրան տեղեկացրին, որ նա պետք է «երկարատեւ բուժում» ստանա մերձմոսկովյան կառավարական ամառանոցներից մեկում, իսկ սովետական տանկերը հասան մինչեւ Պրահա:

Իհարկե, աշխարհը դրանից հետո փոխվել է, սակայն չեն փոխվել Կրեմլի «հորդայական» ռեֆլեքսները: Մինչ օրս էլ, ըստ Ջորջ Քեննանի, Ռուսաստանի հարեւանները կարող են լինել կա՛մ Մոսկվայի թշնամի, կա՛մ վասալ: Եվ հույս ունենալ, թե Մոսկվան թույլ կտա հենց այնպես «չբացառել ուրիշների հետ ընկերակցելը»՝ խիստ ռիսկային է: Սակայն չմոռանանք, որ այդ «կոլխոզ-սովխոզ-լենին-ստալին-քաղկոմ-կենտկոմ-չեկիստական» հակաքաղաքակրթական աղբը մի քանի ամսվա ընթացքում հօդս ցնդեց Արեւելյան Եվրոպայում՝ Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով, դեօկուպացվեց եւ վերամիավորվեց Գերմանիան, անկախացան խորհրդային հանրապետությունները եւ Հայաստանը, երբ այդ արատավոր համակարգը փլուզվեց ներսից, ներքին աբսուրդի բեռից:

Իսկ հիմա, երեւի թե, քաղաքական խուսանավումների ժամանակն է, ինչպես 80-ականների վերջերին, երբ բոլորը տեսնում կամ զգում էին, որ համակարգը մեռնում է, բայց բարձրաձայն չէին ասում, «անհարմար» էր… Իսկ շահեցին նրանք, ովքեր առավելագույնս պատրաստ եղան «Իքս ժամին»: Այդ նոր «Իքս ժամը» մոտենում է, մոտենում է Ռուսական կայսրության փլուզման երկրորդ փուլը: Կոմունիզմը մուտացիայի է ենթարկվել, վերածվել, ըստ Վացլավ Հավելի բնորոշման՝ մաֆիոզ պետության, որը պակաս հակամարդկային եւ անհեթեթ չէ, քան կոմունիզմը: Իսկ «Պուտինից հետո» լինելու է միանգամայն այլ իրավիճակ, որին պետք է պատրաստվենք այսօրվանից: Լռելյայն, դա՛ է այսօրվա կառավարության, իշխանության, ընդդիմության, հասարակության թիվ մեկ խնդիրը, որի լուծման ընթացքում, ինչպես ասում է Կարեն Կարապետյանը, «մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ»:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

25.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31