Հայաստանը եւ Եվրոպական Միությունը 2013 թ. Երեւանի եվրասիական «բեկումից» հետո, չնայած շրջանակային համաձայնագրի շուրջ սկսված բանակցային գործընթացի հաջող եւ կառուցողական ընթացքի մասին պաշտոնական հավաստիացումներին, մինչ օրս չեն կարողանում փաստաթղթի կնքման գոնե մոտավոր ժամկետները նշել։
Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը եւ Եվրամիությունը պաշտոնապես բանակցում
են նոր շրջանակային համաձայնագրի ձեւավորման շուրջ։ Այն հիմնականում հիմնվելու է նախկին Ասոցացման համաձայնագրի վրա, սակայն առանց ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին ծավալուն բաժնի։ Այժմ տնտեսությանը եւ առեւտրին վերաբերող հսկայական բաժինը փուլ առ փուլ վերանայվում եւ համաձայնեցվում է։
Այսօր Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը, որի ժամանակ քննարկվելու են համաձայնագրի՝ առեւտրին եւ ներդրումներին վերաբերող գլուխների տեքստերը։ Հենց այստեղ էլ, ինչպես ասում են, թաքնված է «շան գլուխը»։ Ասուլիսի ժամանակ Գարեգին Մելքոնյանն այն անվանեց կողմերի համար զգայուն հարցեր, որոնք «հնարավոր կլինի լուծել բանակցությունների միջոցով»։
Կարդացեք նաև
Առեւտրի ոլորտում զգայուն հարցերից մեկը հայկական կոնյակի խնդիրն է. Եվրամիությունը, հատկապես Ֆրանսիան, պնդում են, որ հայկական կոնյակը վաճառվի կամ արտահանվի այլ ապրանքանիշի տակ, որպեսզի «շփոթություն չառաջացնի»։ Խնդիրն այն է, որ «Կոնյակ», ինչպես նաեւ «Շամպայն» բառերը ոչ միայն բրենդ են, այլեւ աշխարհագրական տեղանուններ, իսկ համաձայն Լիսաբոնի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS համաձայնագրերի, այլ խմիչքներ այդ անվանման տակ չեն կարող ներմուծվել տվյալ համաձայնագրին միացած երկրների տարածք կամ վաճառվել այդ տարածքում։ Ուստի այժմ Եվրամիությունը, հատկապես Ֆրանսիայի ճնշման տակ, մինչեւ համաձայնագրի կնքումն է փորձում այդ հարցին լուծում տալ։
Մի առիթով ԵՄ դեսպան Սվիտալսկին մեզ հետ զրույցում ասել էր, որ այս հարցում «Եվրամիության դիրքորոշումը շատ կարծր է, սակայն ամեն ինչ ցույց կտան բանակցությունները։ Այս հարցն իրեն զգացնել կտա»։
Այն, որ մինչեւ այժմ կողմերը չեն կարողանում անգամ բանակցությունների ավարտի մոտավոր ժամկետներ նշել, նշանակում է գոնե կոնյակի հարցն իրեն դեռ զգացնել է տալիս։ ԵՄ-Հայաստան բանակցություններին իրազեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, պետք չէ սպասել, որ շրջանակային համաձայնագրի կազմման շուրջ բանակցություններն ավարտվեն եւ այն ներկայացվի կնքման։
Մյուս կողմից, թե՛ մեր աղբյուրները, եւ թե՛ երեկվա Մելքոնյան-Սվիտալսկի ասուլիսը նախանշեցին մեկ այլ կարեւոր հանգամանք։ Եվրամիությունը Հայաստանի հետ բանակցությունների այս հանգրվանում ուշադրությունը կենտրոնացնելու է բացառապես առեւտրի եւ տնտեսության, ոչ թե քաղաքականության վրա։
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում