Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների․ ղարաբաղյան բանակցային գործընթացից նման աղմկահարույց բացահայտում է արել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, նախկին փոխարտգործնախարար, գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով 2000-2004 թվականներին եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:
Baltnews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Տրուբնիկովը պնդել է, թե քիուեսթյան հայտնի հանդիպումից առաջ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդները շատ մոտ են եղել խնդրի կարգավորմանը:
«Ես չորս տարի մասնակցել եմ Մինսկի խմբի աշխատանքներին, այն փորձում էր կարգավորել Ղարաբաղի ու Մերձդնեստրի խնդիրները: Դա ամենևին էլ հեշտ չէր, սակայն Ղարաբաղի մասով ես շատ դրական վիճակում էի: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը շատ ճիշտ էին ամեն ինչ ընդունում», – ասել է Վյաչեսլավ Տրուբնիկովը:
Ռուսաստանցի նախկին համանախագահը մանրամասնել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը շուրջ 15 տարի առաջ մշակել են կարգավորման մի տարբերակ, որը, սակայն, տապալվել է Ալիևի շրջապատի դիմակայության պատճառով:
Կարդացեք նաև
«2000 թվականի ապրիլին մենք հանդիպեցինք Քի Ուեսթում՝ Ֆլորիդայում: Գտել էինք մի բանաձև, Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր էր ապահովել միջանցք Ադրբեջանից դեպի հարավ, Հայաստանից՝ Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը սկզբում որևէ մեկի հետ չէր կիսվում, հետո, երբ մերձավոր գործընկերներին պատմեց, նրանք ընդվզեցին, թե «այդ ինչպե՞ս կարող ենք մենք մեր տարածքներից հողեր հանձնել», – պատմել է Տրուբնիկովը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում