Այսօր ՀԱԿ-ը համագործակցության առաջարկ է արել բոլոր այն ուժերին, որոնք 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը:
Այս առնչությամբ Aravot.am-ը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեց՝ համագործակցության հրավերն ընդունո՞ւմ են, թե՞ ոչ:
Նա պատասխանեց. «Մեր կեցվածքը շատ հստակ է այս վարչախմբի օրոք ընտրությունների հնարավորության կապակցությամբ: Միշտ այդպիսին է եղել, հիմա էլ նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Մի քանի օր առաջ Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը համատեղ հոդվածով հանդես եկան, որտեղ շոշափում են ընտրությունների անհնարինության խնդիրը: Դա նախորդ կեցվածքների սկզբունքի շարունակությունն է: ՀԱԿ-ի այդ մոտեցումը մենք չենք կիսում, եւ բնականաբար, իրենց հրավերը մեզ չի վերաբերում: Նաեւ «Սասնա ծռերին» չի վերաբերում»:
Մենք ճշտեցինք՝ արդյո՞ք պատճառն այն է, որ ՀԱԿ-ը հրապարակավ դատապարտեց «Սասնա ծռերի» գործողությունները ՊՊԾ գունդը գրավելու՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց, որ ոչ, պատճառը դա չէ. «Դա սկզբունքային, հիմնավորված կեցվածք է մեզ մոտ: Իսկ այն, որ ՀԱԿ-ը դատապարտեց Սասնա ծռերի գործողությունները, մեր կողմից դրական առումով չի ընկալվել, բայց դա կարող էր լինել ինչ-որ պատճառ, եթե առաջին հիմնական սկզբունքային պատճառը չլիներ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ եթե ոչ ընտրությունների միջոցով, ապա իշխանափոխության ի՞նչ տարբերակ է մնացել՝ հաշվի առնելով, որ փողոցային ճանապարհով՝ ապստամբության միջոցով իշխանափոխության հասնելու բոլոր փորձերը ՀՀ-ում տապալվել են՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Հիշեցնեմ, որ այս համակարգի օրոք ընտրությունների միջոցով իշխանափոխության բոլոր միջոցներն են ձախողվել: Հերթական ռեժիմի կողմից նշանակված ընտրությունները եւս այլ ելք չեն կարող ունենալ: Իսկ ժողովրդական բողոքի նախաձեռնությունները շատ անգամ հասել են հաջողության եզրին եւ յուրաքանչյուր անգամ տարբեր պատճառներով ավարտին չեն հասել»:
Նա ասաց, որ համառ եւ վճռական աշխատանք է պետք տանել եւ հաջողության կհասնեն: Ապստամբության միջոցով իշխանափոխությանը, ըստ պարոն Ենիգոմշյանի, այլընտրանք չկա:
Մեր հարցին՝ անգամ բարեփոխված Ընտրական օրենսգրքո՞վ իշխանափոխություն հնարավոր չէ՝ պարոն Ենիգոմշյանը պատասխանեց, որ այնտեղ բարեփոխումներ չկան, պարզապես գործող վարչախմբի վերարտադրությունը ապահովելու դրույթներ են:
Ըստ նրա, ցուցակների հրապարակումն էլ ոչինչ չի տա. «Դա ՀԱԿ-ի եւ ուրիշների մոտեցումն է միշտ եղել: Մենք երբեք չենք համարել, որ ցուցակները հրապարակելու որոշում կայացնելու դեպքում խնդիրը կլուծվի: Այնքան գործոններ կան ընտրությունների՝ իշխանությունների կողմից վերահսկման, որ ցուցակների հրապարակումը մնացած հարցերի հետ համահավասար չէ»:
Պարոն Ենիգոմշյանը գտնում է, որ արտագաղթը մեծ թիվ է կազմում, մնացել են հիմնականում պետական աշխատողները, որոնք իրենց օրապահիկն ապահովելու համար ակամա չեն կարող իրենց ազատ կամքով ընտրություն կատարել. «Եթե նման փոփոխություն՝ ցուցակները հրապարակելու, լիներ 10-15 տարի առաջ, կունենար իր ազդեցությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բացատրելու համար թէ ինչու, հակառակ սուր դժգոհութեան համատարած մթնոլորտին, ժողովուրդի կողմէ նշանակալից զօրակցութիւն չգոյացաւ իրենց ծայրահեղական «շարժում»ին նկատմամբ, – ի զուր – ջանացին տարածել հատկապէս Սփիւռքի մէջ այն սուտը թէ Հայաստանի ժողովուրդը վախենում է փողոց իջնելու, իրենց ետին:
Հիմա ել ահա նոր գիւտ մը՝ նորմալ ժողովուրդ չի մնացե՜լ, այլ միայն իշխանութիւնից օգտվող քաղաքացիներ: Իսկ նոյնիսկ որպէս վարկած, սեպենք, թէ որ այդպէս է, ո՞նց կարող ես ուրեմն ապստամբութիւն իրականցնել: Զայն զօրով պարտադրելով ժողովուրդին ?!
Բառացիօրէն անհեթեթ է: Որեւէ տրամաբանութեան նշոյլ մը իսկ չկա:
Ափսոս, Ալեքին…: Ինք կարծում է թէ իր համահայկական մեծ հռչակին համար է որ ինք դրսումն է, մինչ ուրիշները՝ ճաղերի ետեւ: Տխուր իրականութիւնը այն է թէ ինք դրսումն է, որովհետեւ անվնաս է: