Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչ Հայրենիք է պատկերացնում

Հոկտեմբեր 24,2016 23:14

Սկիզբը` այստեղ  եւ այստեղ

Եվ այսպես, ինչպես հասնել մեր երազանքին, ինչ ճանապարհներ կան` հասնելու համար այն հայրենիքին, որում ձեզանից ամեն մեկը և յուրաքանչյուրը կուզենար ապրել, և ընդհանրապես հնարավո՞ր է արդյոք, որ որևէ մի երկրում, մասնավորապես Հայաստանում, որտեղ կա իշխանության գերկենտրոնացում մեկ մարդու ձեռքերում, օրենքի սահմաններում, առանց մի կաթիլ անգամ արյուն թափելու, հասնել իշխանափոխության: Բացի նախագահական առաջին ընտրություններից, որևէ այլ ընտրություն, լինի դա նախագահական, ազգային ժողով, գյուղապետարան,թաղապետարան, քաղաքապետարան,գիտությունների ակադեմիա,գրողների միություն, չի անցել առանց հետընտրական բողոքների, միտինգների, նստացույցերի, հացադուլների, ազգային ժողովի շենքի պարիսպները քանդելու, մարտի մեկի, ՊՊԾ գրավելու և այլ տարբեր գործառույթունների, որոնք սակայն որևէ սպասված արդյունք չեն արձանագրել և չէին էլ կարող արձանագրել, քանզի իշխանավորները ամենակարևոր գործերը թողած, առաջին հերթին ստեղծել են մի իրոք հզոր կառույց, իրենց կողմից լկտիաբար սեփականաշնորհած իշխանությունը պաշտպանելու համար, այն է ուժային կառույցները, մասնավորապես լակեյի կարգավիճակում գտնվող ոստիկանությունը: Նպատակները և գործունեության բնույթին ձեզանից յուրաքանչյուրը շատ լավ ծանոթ է:

Հայաստանում, սկսած 1996 թվականից, փորձարկվել են իշխանափոխության բոլոր հայտնի և անհայտ ձևերը, միտինգներից մինչև ՊՊԾ, բայց բոլոր դեպքերում էլ արդյունքը նույնն է եղել, իշխանությունը իր հավատարիմ ոստիկանության միջոցով դժգոհներին, ընդդիմադիրներին, ազատասերներին երկար կամ կարճ ժամանակով բռնափակել է բանտախցերում և վերջ։ Հաջորդ անգամ բողոքելու կամ դժգոհության ցանկություն առաջանալու դեպքում, արդեն մարդը երկար կմտածի և ամենայն հավանակությամբ, ըմբոստության բուռն զգացումը ներսում, կլռի: Սրանց հույսը դա է: Ուրեմն ինչ անել: Թվում է փակուղի է, թվում է ելք չկա, առավել ևս վատատեսների, անհավատների, փնթփնթանների, անբանների համար, որոնք ինչ-որ մի փոքրիկ աղբյուր գտել են, բավարարվում են չնչինով և որոնց սկզբունքն է «Աստված էլ բեթարից ազատի»: «Բեթարը» Հայաստանի դատարկվելն է, էլ ուրիշ ի՞նչ ավելի վատ բան կարող է լինել: Չնայած այս ամենին, ես համոզված եմ, որ չի կարող պատահել, որ ցանկացած իրադրությունից գոնե մեկ ելք չգտնվի: Ուղղակի հարկավոր է լավ փնտրել:

Ես ինձ համար ելքը գտել եմ: Ոչ, ոչ դա ձեր մեջ առաջացած առաջին և ամենահավանական թվացող միտքը չէ, այն է լքել Հայաստանը, արտագաղթել: Դա կա ու կա, դա վերջին տարբերակն է: Կա նաև նախավերջին տարբերակը, որ, իրենք էլ չհասկանալով, չկասկածելով, մեզ նվիրել են բռնի ուժով, խաբեությամբ, կեղծիքներով իշխանությունը զավթած, Հայենիքը չսիրող մի խումբ թափթփուկներ, որոնց միակ նպատակ, միակ կուռքը փողն է, շատ փողն է, ավելի շատ փողն է, դղյակներն են, մարզերում կալվածքներն են, մելիքություներն են, օբեկտներն են,Դուբայում, Փարիզում, Լոս Անջելեսում և աշխարհի այլ երկրներում տներն ու հյուրանոցներն են:

Եվ այսպես, ինչ հնարավորություններ են տվել մեզ: Կա չինական թե ճապոնական մարտարվեստի մի ձև, երբ օգտագործվում է հակառակորդի ուժը: Հանրապետական կուսակցությունը, իրենց մտքի գիգանտ շեֆի ղեկավարությամբ, իրենց կարծքով, գտել են մի հանճարեղ միտք, որը իրենց կօգնի գրավել ապագա ազգային ժողովը և այսպիսով հավերժացնել աստծո կողմից «իրենց տված» թալանելու, կողոպտելու և հավերժ անպատիժ մնալու իրավունքը:

Ես չգիտեմ ինչու, բայց սրանք համոզված են, որ 17 թվի ապրիլի ընտրություններից հետո դարձյալ ունենալու են Ազգային ժողովի ձայների մեծամասնությունը, չնայած արտագաղթի անընդհատ ահագնացող չափերին, չնայած աղքատության շեմը անցնող մարդկանց թվի վտանգավոր մեծացմանը, չնայած ապրիլյան կարճատև պարտվողական պատերազմի և կորցրած (թեկուզ 800 հեկտար), հողերի, չնայած «Սասնա ծռերի» ճարահատյալ փորձից հետո հայ ժողովրդի տրամադրությունների և Հայաստանում իրադրության փոփոխությանը: Միթե նորից հույսերը դրել են կեղծիքների, շանտաժի, լցոնումների և այլ իրենց հայտնի կամ նորագույն, դեռևս չկիրառված մեթոդների վրա: Թե վարչապետ փոխելով, իր հանցակից, շատ մտերիմ մի քանի հոգու զոհաբերելով, «նախագահը» փորձում է ժողովրդական մասսաների նուրբ լարերին կպնելով, ստեղծել բարի, վերափոխված, ժողովրդի մասին նորովի մտածող ղեկավարի իմիջ, ամրապնդել, սերտաճեցնել իր հինգերորդ կետի և աթոռի կապը: Բացառելով արդեն իսկ բազմաթիվ անգամներ փորձած և ձախողած միտինգա-պպծ- ային մեթոդները, ես առաջարկում եմ վերադառնել լավ կամ վատ սահմանադրությամբ ամրագրված իշխանափոխության միակ օրինական ձևին, այն է, ընտրություններին: Ես լրիվ պատկերացնում ձեր քմծիծաղները, հիասթափությունը, ձեր ձեռքի արհամարական շարժումները, ձեր փափուկ կամ կոշտ արտահայտությունները-նորից կխաբեն, կկեղծեն, ոչինչ չի ստացվի, ընտրությունը ձև է, արդեն պարզ է ով է ընտրվելու և այլն: Որոշ ժամանակ առաջ ես նույնպես այդպես էի մտածում, քանի դեռ չէր եկել միտքը, որ ընտրությունները շատ հզոր զենք են ժողովրդի մարմի վրայից թոթափելու այս թափթփուկներին, մանրապճեղներին, արյուն ծծող դասի բազմաթիվ ներկայացուցներին: Շատ մեծ հարց է ծագում, եթե ընտրություններ, ապա ում ընտրել, որ կուսակցությանը սատարել, ով կարող է ստեղծել իմ երազած հայրենիքը, իմ հզոր Հայաստանը:

Հենց սկզբից ասեմ` կտրականապես ոչ մեկին, ոչ իշխող կուսակցությանը, ոչ ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկին: Շատ բնական հարց է ծագում, բա էլ ով մնաց, էլ ով կա քաղաքական դաշտում: Մնաց շատ հզոր մի ուժ, որը ի զորու է տեր կանգնել մեր երկրին, մեր հայրենիքին, մեր պետությանը, մեր իրավունքներին: Այդ հզոր ուժը դուք եք, ժողովուրդն է, որը տարիներ շարունակ հավատացել է այս կամ այն կեղծ հայրենասեր ձևացող կուսակցություններին, որենք ընտրվելուց հետո բաձարձակապես մոռացել են իրենց խոստումները և գրաված աթոռները օգտագործել են բացառապես իրենց և իրենց մերձավորների հարստացման համար: Ինչու նախագահական, կամ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ միշտ շրջանառվում են նույն, բազմաթիվ անգամ վարկաբեկված անունները (Տեր-Պետրոսյան,Քոչարյան,Սարգսյան) կուսակցությունների դեպքում – ՀՀԿ, ԲՀԿ,ՀԱԿ,ՕԵԿ կամ անվանափոխված Վերածնունդ, «Ժառանգություն» «Դաշնակցություն» և այլն: Ինչու չի կարելի արդարությունը փնտրել և գտնել այս շրջանակից դուրս, ձեզնից մեկի մեջ, ձեզանից յուրաքանչյուրի մեջ, ազատ մարդկանց միության մեջ, որոնք կարող են ստեղծել իրենց նոր կուսակցությունը, ոչնչով և ոչ մի պարագայում չվարկաբեկված ազատ, ազնիվ, հայրենիքը սիրող մարդկանցով:Քանի դեռ բոլոր վարկաբեկված կուսակցությունները զբաղված են միմյանց կծելով, պետք է ստեղծել նորը, հզորը:

Ձեզանից մեկին և յուրաքանչյուրին իշխանությունների կողմից տրվել է եզակի շանս փոխելու մեր երկիրը, ունենալու երազների մեր հայրենիքը: Եթե բանդան այս անգամ էլ գրավեց իշխանությունը, դա լինելու է շա՜տ երկար ժամանակով, գուցե ընդմիշտ (օրինակներ՝ Ադրբեջան,Բելառուս,Կուբա,Ղազախստան և այլն) եւ հավատացնում եմ ոչ մի պայմանով, ոչ մի, նույնիսկ արտակարգ իրավիճակում, այն չի զիջելու: Պետք է մեկ անգամ և ընդմիշտ դառնալ երկրի տերը: Լուրջ մտածեք, շատ լուրջ մտածեք: Ուրիշ այսպիսի հնարավորություն մեզ պարզապես չի տրվելու: Հիմա կա այս շանսը, քանի որ սրիկաները ցայտնոտի մեջ են: Չունեն ժամանակ ուրիշ աղտեղություն մտածելու: Ընդլայնեք ձեր մտահորիզոնը, մտածեք այս մասին և մենք կհամադրենք մեր տեսակետները այս հոդվածի վերջին և առավել կարևոր մասում:

ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ

Հ․Գ․ Ձեզանից մեկը կցանկանար հետադարձ կապ պահպանել ձեզանից յուրաքնչյուրի և բոլորի հետ: Եթե ունեք մտքեր, առաջարկություններ, թարմ տեսլական մեր ապագա պետության վերաբերյալ, խնդրում եմ ձեր մտքերը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Առաջին հերթին ես կխնդրեի արձագանքել ՏՏ մասնագետների,բլոգերների ( 21-րդ դարում պետք չէ բարձրախոսով ազատության հրապարակում ինչ որ ճառեր ու հազար անգամ լսված քննադատություններ հնչեցնել) ,իրավունքի,օրենքի, քաղաքական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների:Եվ մի խնդրանք ևս․ եթե կարդացել եք այս նյութը, հավանել եք կամ եթե այն ինչ որ հետաքրքրություն է առաջացրել ձեր մեջ, տարածեք, խնդրեմ, այն ձեր շրջապատում:Նյութի առաջին մասը կարդացել էր մոտ 380 հոգի: 380 հոգուց յուրաքանչյուրի ընտանիքում առնվազն 5 հոգի կլինի, ձեզանից յուրաքանչյուրը առնվազն 5 մոտիկ բարեկամ կունենա,ձեզանից յուրաքանչյուրը առնվազն 5 ընկեր կունենա, ձեզանից յուրաքանչյուրը առնվազն 10 ծանոթ կունենա, որոնց կարող եք առաջարկել կարդալ այս նյութը: Եթե 25 հոգուց թեկուզ 1-ը համաձայնվի վերը շարադրվածի հետ և և գոնե կարդա aravot.am կայքում տեղադրված «Ով ինչ Հայրենիք է պատկերացնում» հոդվածը մեկ շաբաթվա ընթացքում, ապա 6 շաբաթ անց կարդացողների թիվը կլինի 389120, իսկ սա արդեն,դեռևս ոչ բավարար, բայց բավականին լուրջ ուժ է Հայաստանյան քաղաքականության վրա լուրջ ազդեցություն ունենալու համար: Կհանդիպենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31