Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը օրեր առաջ շփման գծում արձանագրված ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը համարում է շանտաժ թե՛ միջնորդներին, թե՛ հայկական կողմին:
«Արցախից հայկական զորքի դուրս բերելու Ադրբեջանի հիմնական պահանջը ընդհանրապես չի քննարկվում, փոխարենը Ադրբեջանը հիմա փաստացի ճնշման տակ է հետաքննության մեխանիզմներ մտցնելու առումով, ինչը լավ չէ Ադրբեջանի համար, որովհետեւ իրենց ուզածին, կարծես թե, չեն հասնում: Միջնորդները կրկնում են հայկական կողմի փաստարկները ու հերթական անգամ փորձում են դիմել ինչ-որ կայունացնող քայլերի: Ադրբեջանի գործողությունները փաստացի շանտաժի ձեւ են»,- Aravot.am-ին ասաց պարոն Վրթանեսյանը:
Թե ինչ շարունակականություն կստանան Ադրբեջանի գործողությունները, Կարեն Վրթանեսյանը դժվարացավ ասել. «Արդյոք կարելի է սա միտում դիտարկել, դեռ վաղ է ինչ-որ բան ասել»:
Մեր հարցին, իսկ ինչու նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, թե առանց Ադրբեջանին գրավյալ տարածքների վերադարձման ԼՂ վերաբերյալ համաձայնագիր չի լինի, Պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Բավականին վաղուց ասվել է, որ հայկական զորքը պետք է դուրս բերվի, այսպես կոչված, շրջաններից, ասում եմ՝ այսպես կոչված շրջաններից, որովհետեւ այդ շրջանները վաղուց արդեն չկան,նույնիսկ ԼՂԻՄ-ը, որի մասին խոսք է գնում, Ադրբեջանը վաղուց կազմալուծել է դեռ 1991 թվականին:
Կարդացեք նաև
Այդ խոսակցությունները միշտ էլ եղել են, պարզապես ադրբեջանցիները հիմա խիստ դժգոհ են, որ այդ թեման գրեթե չի քննարկվում, իսկ խոսակցությունը տեղափոխվում է ավելի կայունացում, հնարավոր սրացումներից խուսափում: Դրանից վախենում են, որովհետեւ բառերի մակարդակով կարող է թվալ, որ բան չի խոսվել, բայց փաստ է, որ վերջին կես տարուց ավելին քննարկվում է այն, ինչ ասում է հայկական կողմը, այլ ոչ թե այն, ինչ Ադրբեջանն է փորձում բերել բանակցային դաշտ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ