Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Շիրակ գյուղում․ Շիրակի նորանշանակ դատախազի պարզաբանումները

Հոկտեմբեր 24,2016 22:30

Քիչ առաջ Շիրակի մարզի Շիրակ գյուղում իրենց տան դիմաց արնաթաթախ վիճակում հայտնաբերել են 55-ամյա Լյովա Հաջյանին, նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ էլ գրանցվել է նրա կլինիկական մահը։

Գյումրի բժշկական կենտրոնի լրատվական բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, այսօր, ժամը 17․35-ին Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1961 թվականին ծնված Լ․Հ․-ին, նույն ժամին հաստատվել է նրա կլինիկական մահը։ Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած վերք, ճակատային հատվածի և քթի սալջարդեր։ Շիրակի գյուղապետ Խորեն Հարությունյանն Aravot.am-ին ասաց, որ իրենք մանրամասներ չգիտեն դեպքի մասին, նա խուսափեց պատասխանել նաև մեր այն հարցին, թե գյուղո՞ւմ է տեղի ունեցել դեպքը, թե՞ ոչ։ «Առայժմ ոչ մեկը ոչ մի բան չգիտի, չգիտենք անգամ, թե գյուղում է եղել սպանությունը, թե ոչ, գիտենք, որ երկու ժամ առաջ Լյովային տեղափոխել են հիվանդանոց»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ Լյովա Հաջյանը չէր աշխատում, ամուսնացած է, ունի երեխաներ։

Թե ո՞վ է դանակահարել նրան, կա՞ արդյոք կասկածյալ, Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ այս պահին նման դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ «Թափանցող վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել տուժածը՝ մահացած վիճակում, նշված դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Ներկա պահին որպես կասկածյալ ներգրավված անձ չունենք»,- ասաց դատախազը։

Իսկ թե որտե՞ղ է դեպքի վայրը, դատախազն ասաց, որ նրան հայտնաբերել են Շիրակ գյուղում իրենց տան բակում, բայց թե կոնկրետ դեպքը որտեղ է տեղի ունեցել, այդ ուղղությամբ ևս կատարվում են նշված գործողությունները։

Հիշեցնենք, որ այսօր դանակահարության մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել Հառիճ գյուղում։ 60-ն անց երկու տղամարդիկ երեկ մասնակցել էին հուղարկավորության, լեզվակռվի մեջ մտել, նրանցից մեկն այսօր առավոտյան ծեծել էր մյուսի դուռը ու բարի լույսի փոխարեն դանակի մի հարված հասցրել։ Դատախազն ասաց, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը 112 հոդվածի 1-ին մասի նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31