Այսօր կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մասնակիցների կշռման արարողությունը եւ մարզիկները վաղվանից կսկսեն պայքարը, թեեւ որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել, թե մրցումներն արդեն մեկնարկել են:
Մասնակցելու են Հայաստանի բոլոր ուժեղագույն ըմբիշները բացի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանից: Լրատվամիջոցները գրել են, որ մարզչական խորհուրդը ոչ մի ըմբիշի չի ազատել առաջնությունից եւ նրանք, ովքեր չեն մասնակցի, չեն ընդգրկվի կազմավորվող ազգային հավաքական:
Aravot.am-ը հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանից հետաքրքրվեց, թե, այնուամենայնիվ, Դավիթ Սաֆարյանի անունը ինչո՞ւ չկա մասնակիցների ցանկում: «Արդեն ասել եմ եւ նորից կրկնում եմ. ոչ ոք չի ազատվել: Դավիթը հիմա Հայաստանում չէ: Նա օլիմպիական խաղերից հետո հանգստանում է, բուժում վնասվածքները: Եվ եթե այս առաջնությունում հանդես չի չգալիս, ապա մինչեւ մարտի վերջ, ապրիլի սկիզբ՝ մինչեւ հանրապետության հաջորդ առաջնություն, հավաքական չի հրավիրվի», – տեղեկացրեց Արայիկ Բաղդադյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ