Հիմնադիր խորհրդարանն էլ էր նախանշում ազգ-բանակ գաղափարը, ինչու չէ` նաեւ իգական սեռի ներկայացուցիչները բանակում ընդգրկվեին: Չնայած պաշտոնապես այդպես չէ, բայց բանակում այսօր շատ կանայք կան: Կարելի է նաեւ դա ավելի ճիշտ հունի վրա դնել:
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջադրված «ազգ-բանակ» և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք»՝ սկզբունքները, որոնք նաեւ տեղ են գտել կառավարության ծրագրում, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը լավ միտք է համարում:
«Գաղափարը լավն է, իսկ իրականացումը այս իշխանությունների օրոք անհնար»,- կարծում է պարոն Սարուխանյանը,- «Եթե դա իրականացնում են թալանչիները, հերթական անգամ վախենում եմ, որ այդ գեղեցիկ միտքը եւս պղծեն, որովհետեւ ինչպես կարող է ազգ- բանակ միտքն իրականացնել մի վարչախումբ, որը ծայրից ծայր թալանի մասնակից է, մասնակից են եղել երկու միլիոն հայերի արտագաղթմանը: Այդ մարդիկ կալանավայրում պետք է լինեն, թալանել են չէ՞, իրենք են ստեղծել այս վիճակը չէ՞:
Հիմա ուզում են ինչ-որ լավ բան անե՞լ: Ես չեմ հասկանում՝ ում միջոցով են անելու, որ մարդկանց, որ ռեսուրսների միջոցով: Ինձ համար անհասկանալի է: Կրկնում եմ՝ մտավախություն ունեմ՝ այս գեղեցիկ միտքը հերթական անգամ պղծեն»,- Aravot.am-ին ասաց պարոն Սարուխանյանը:
Կարդացեք նաև
Կան կարծիքներ, որ ազգ-բանակ գաղափարը չի իրականանա, որովհետեւ կառավարության ծրագրում ներառված պաշտպանության համակարգին առնչվող ծրագրային միջոցառումներն այնքան ստանդարտ են, որ անհասկանալի է՝ ինչ լուծումներով է կառավարությունը դրանք կյանքի կոչելու: Պարոն Սարուխանյանի համար խնդիրն ամենեւին ոլորտին վերաբերող միջոցառումները չեն.
«Կառավարությունը վարչախմբից հեռու չէ, նույն համակարգն է: Բացի դա մի բան, որը գաղտնի է տեղի ունենում, վստահություն չի ներշնչում: Հրապարակայնորեն արեք, անկախության համար պայքար տվող մարդիկ էլ իրենց լուման թող ունենան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ