Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի 5 դպրոցներում և 16 մանկապարտեզներում կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները:
«Անհրաժեշտ է պարբերաբար հանրությանն իրազեկել «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում ստացված նվիրատվությունների շնորհիվ կրթօջախներում իրականացված աշխատանքների մասին: Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն, թե որ դպրոցներում և որ մանկապարտեզներում ինչպիսի աշխատանքներ են իրականացվել: Մեր նպատակն ի սկզբանե եղել է կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք արդեն արձանագրել, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է: Ու համոզված եմ, որ պարբերաբար հանրությանը ներկայացնելով նաև այդ նվիրատվությունների շնորհիվ իրականացված աշխատանքները՝ մենք մեծապես կնպաստենք այս ծրագրերի հանդեպ վստահության ամրապնդմանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատանքային խորհրդակցության շրջանակում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, արտաքին կապերի վարչություններին, ինչպես նաև Կենտրոն և Ավան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստվել հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքում անցկացվելիք «Մոսկվայի օրերը Երևանում» մշակութային միջոցառմանը:
Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի ու արտաքին կապերի վարչություններին հանձնարարվել է նաև ստեղծել աշխատանքային խումբ՝ առաջիկայում Երևանում անցկացվելիք «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումը ևս հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն