Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոստիկանության շատ աշխատակիցներ դեռևս չեն ելել տղայական, փողոցային մտածելակերպից»․ գյումրեցի փաստաբաններ

Հոկտեմբեր 24,2016 18:54

Այսօր գյումրեցի փաստաբաններ Թամարա Յայոլյանը, Արամայիս Հայրապետյանը և Հայկ Հարությունյանը մամուլի ասուլիս էին հրավիրել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ վերջին շրջանում շատացել են ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածով, այն է՝ ոստիկանության կամ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը, հարուցված քրեական գործերի քանակը։

pastaban-2

Եվ որ խիստ մտահոգիչ է, այս քրեական հոդվածի կիրառման պրակտիկան ոստիկաններին սադրանքներ ստեղծելու հնարավորություն է տալիս, ընդհուպ այն աստիճան, որ կարող են բերման ենթարկել նստարանի վրա նստած մարդկանց։

«Իհարկե, այս արարքը օրենքով արգելված է, որևիցե մեկը կոչ չի անում ոստիկանության կամ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ, սակայն պետք է ընդունենք նաև այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս մտահոգիչ է դարձել այն, որ հաճախակի են անձանց նկատմամբ մեղադրանքներ ներկայացվում ոստիկանության աշխատողների նկատմամբ դիմադրություն ցույց տալու կապակցությամբ։ Ամենահետաքրքիրն հանգամանքն այն է, որ տվյալ գործերով չկան ապացույցներ, ընդամենը միայն ոստիկանների ցուցմունքներ են և մեր պաշտպանյալների ցուցմունքներն են։ Եվ չգիտես ինչու մշտապես նախաքննության մարմինը և հետագայում էլ նաև դատարանը արժանահավատ դիտում է ոստիկանության աշխատողների ցուցմունքները, և այն պարագայում, երբ մենք հաճախակի տեսնում ենք, թե ինչպես ոստիկանության աշխատողները իրենց իրավունքներն ու պարտականություններն անգամ, այդ տարրական կանոնները, որոնք իրենք պետք է գիտենային և պարտավոր էին գիտենալու իրենց աշխատանքը կատարելու ժամանակ, չգիտեն։ Իրենք իսկ խախտում են իրենց կողմից սահմանած օրենքները և կանոնները և պահանջում են, որ քաղաքացիները ենթարկվեն իրենց անօրինական պահանջներին։

Ներկա պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործ, որին մենք մասնակցում ենք, կարող եք գալ ու դատական նիստին ձայնագրություններին ծանոթանալ, ոստիկանության աշխատողները չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե որո՞նք են իրենց իրավունքները և պարտականությունները, արդյո՞ք իրավունք ունեին իրենք նմանատիպ պահանջներ ներկայացնելու տվյալ անձանցից, թե՞ չունեին։ Սակայն մեղադրյալի կարգավիճակով այսօր մեր պաշտպանյալներ են», -ասաց Թամարա Յայոլյանը։

Արամայիս Հայրապետյանն էլ ասաց․ «Ոստիկանության ներկայացուցիչները ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածով կարծես սկսել են սադրել հանցագործություններ, պրովոկացիաներ անել։ Քաղաքացիներին իրենց մոտեցման ձևն արդեն իսկ հանցագործության սադրանք է, այսինքն` եթե անգամ տեսնում են հակաիրավական որոշակի վարքագիծ դրսևորող քաղաքացուն, ոստիկանության աշխատակիցը փոխանակ օրենքով սահմանված կարգով ներկայանա, ներկայանում է քաղաքացուն հայհոյելով կամ հնարավոր է իր դուրը չգա քաղաքացուն տված բարևը և սկսված վիճաբանության արդյունքում պարզվի, որ քաղաքացին կատարել է Քրեական օրենսգրքի 316 հոդվածով նախատեսված հանցանք։ Եվ ամենակարևոր խնդիրն այն է, որ և՛ ոստիկանության, և՛ քաղաքացիների վրա կան մարմնական վնասվածքներ, սակայն որպես մեղադրյալ ներգրավում են միայն քաղաքացիները։ Ավելի ծանր մարմնական վնասվածքներ նույնիսկ կան քաղաքացիներ վրա, սակայն տուժողներ ճանաչվում են միայն ոստիկանները և մեղադրյալ ճանաչվում են քաղաքացիները։ Եվ ամիսներ են պետք, որ կամ ապացուցես կամ չապացուցես, որ սա եղել է սադրանք կամ համենայնդեպս շարժառիթը չի եղել, ըստ օրենքի այն շարժառիթը, որն անհրաժեշտ է 316 հոդվածի համար, բայց այդ ընթացքում քաղաքացիները գտնվում են կալանքի տակ։ Երկրորդը՝ միտում կա քրեական գործերը հիմնավորել բացառապես ոստիկանության ցուցմունքներով։

Սա շատ վտանգավոր միտում է, որը ոչ միայն Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հետ է կապված, ըստ էության պետությունը գտնում է ամենակարճ ճանապարհը․ հանցագործության բացահայտման համար հիմնականում ապացույցներ է դրել ոստիկանության ցուցմունքները, այն դեպքում, երբ պետությունն ինքն է անվստահություն հայտնել այդ ոստիկաններին՝ օրենքով սահմանելով, որ հետաքննության մարմինը, երբ իր լիազորությունն է իրականացնում, նա չպետք է հարցաքննվի որպես վկա։ Սակայն արդեն իսկ կարճ ճանապարհը գտել են, և երրորդը՝ամենակարևոր խնդիրը, ոստիկանությունն այսօր հանդիսանում է քաղաքացիների պաշտպանության տեսակետից ամենավտանգավոր կառույցը։ Ոստիկանությունը իրավունք տերմինը օգտագործելիս առանց չափազանցության դիսկոմֆորտ է դրանից զգում։ Այսօր ոստիկանությունը թիկունքով է կանգնած քաղաքացիների իրավունքների նկատմամբ»։

Փաստաբանը նկատեց, որ քաղաքացիների մեղքն այն է, որ երբեք ճիշտ ժամանակին չեն դիմում իրենց իրավունքների պաշտպանությանը, ոստիկաններն էլ իրենց գործելաոճով՝ թե՛ կադրային պատրաստվածության աստիճանով, թե՛ բարոյական տեսակետից լուրջ խնդիրներ են առաջացնում նրանց համար։ Ըստ փաստաբանի, մեկ քրեական գործ բացահայտելու համար ոստիկանությունը խախտում է տասնյակ քաղաքացիների իրավունքներ՝ անհարկի բերման ենթարկելով, բնակարանի անձեռնմխելիության, մասնավոր կյանքի խախտումներ կատարելով։

Փաստաբանները կոնկրետ օրինակներ ներկայացրեցին իրենց պրակտիկայից, ըստ որոնց, կոնֆլիկտ հրահրողները եղել են ոստիկանները։ Նույնիսկ արձանագրվել է դեպք, երբ քաղաքացուն ոստիկանության բաժանմունքներից մեկում համոզել են իր վրա վերցնել ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքը, նա էլ գլուխն ազատելու համար համաձայնել է, բայց երբ կալանքի սանկցիա են ներկայացրել, նոր է հասկացել մեղադրանքի ծանրությունը։ Արամայիս Հայրապետյանի մոտ էլ կա մի քրեական գործ, որտեղ կան 10 մեղադրյալ քաղաքացիներ և 3 ոստիկան-տուժող, 10 քաղաքացիներից առնվազն 6-7 հայտարարություն են տվել իրենց ծեծի ենթարկելու մասին, սակայն միևնույնն է՝ նրանք են մեղադրյալները։ «Կարող ենք հավատալ 3 ոստիկանի ու չհավատալ 11 քաղաքացո՞ւ, սա է խնդիրը», -ասում է Արամայիս Հայրապետյանը։ Ըստ նրա, քաղաքական պատճառներից զատ, 316 հոդվածով քրեական գործերի շատանալու պատճառներից մեկն էլ ոստիկանությունը վատ կադրեր ունենալն է։ Փաստաբանի բնութագրմամբ, ոստիկաններից շատերը ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ են, դեռևս չեն ելել փողոցային, տղայական մտածելակերպից։ «Այսինքն` եթե ոստիկանին վիրավորեն կամ ձեռ առնեն, ինքը չի ընդունում, որ ինքը ոստիկան է, և պետք է արձագանքի որպես ոստիկան, կարող է արձագանքի որպես վերջին փողոցայինը, բայց երբ գործը հասնի հետևանքին, հետևանքում ոստիկանը մնում է որպես միայն ոստիկան», -ասաց Արամայիս Հայրապետյանը։ Թամարա Յայոլյանի ասելով էլ, ոստիկանները, չիմանալով իրենց իրավունքներն ու պարտականությունները, մտածում են, թե իրենց ամեն ինչ թույլատրելի է, եթե իրենք ոստիկան են, ուրեմն կարող են մարդուն բերման ենթարկել, քաշքշել, հարվածել։

«Յուրաքանչյուր անգամ, երբ որ նման դեպք է տեղի ունենում, այնքան մանրակրկիտ պետք է գործը քննվի, այնքան ուշադիր քննություն պետք է կատարվի, և բոլոր հանգամանքները պարզվեն և իրականում մեղավորները պատասխանատվություն կրեն։ Բացի դրանից, եթե չկան հիմնավոր ապացույցներ, նաև պետք է անձանց նկատմամբ մեղադրանքներ չներկայացնեն, որպեսզի հաջորդ անգամ ոստիկանության աշխատակիցները գիտենան, որ յուրաքանչյուրն իրենց գործողության համար պետք է պատասխանատվություն կրի։ Յուրաքանչյուր անգամ, երբ մարդու վրա մարմնական վնասվածք է առաջանում ոստիկանության հետ կոնֆլիկտում, դա պետք է առանձին քննության առիթ դառնա պարզելու, թե արդյո՞ք իրավաչափ ուժ կիրառել է ոստիկանության աշխատողը, թե՞ ոչ իրավաչափ ուժ կիրառեց, արդյո՞ք ինքն իրավչություն թույլ տվեց, թե՞ ոչ, որպեսզի ոստիկանները զգաստանան։ Բայց ինչպես տեսնում ենք՝ մեր երկիրը դարձել է ոստիկանական երկիր, և ոստիկաններին թույլատրվում է ամեն ինչ անել, որովհետև իրենք են պահում այս իշխանությունը»,-ասաց Թամարա Յայոլյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31