Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իշխանությունների միջև 2016թ.-ի մարտից ծավալված 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի հինգ խմբակցությունները և իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ: Համաձայնագրի հիման վրա 2016թ.-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Ընտրական օրենսգրքում, որով նախատեսվում է, մասնավորապես.
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակում, ինչը Հայաստանի ընդդիմության վերջին 15 տարիների գլխավոր պահանջն էր՝ կրկնաքվեարկությունները և հանրապետությունից երկարաժամկետ բացակայող քաղաքացիների փոխարեն <քվեարկությունները> բացառելու նպատակով,
- ընտրական տեղամասերում քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում,
- այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների քննարկում՝ հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ, որով բողոքների տվյալները հերքելու բեռը դրվում է ընտրական հանձնաժողովների վրա,
- ընտրակեղծարարության համար սահմանված պատժաչափերի էական խստացում, մասնավորապես, կրկնաքվեարկություններ կատարողների և ընտրացուցակներում կեղծ ստորագրություններ դնողների համար նախկինում կիրառվող տուգանքների վերացում և միայն ազատազրկման նախատեսում՝ 2-5 տարի ժամկետով:
Քաղաքական ուժերի միջև կնքված Համաձայնագրով նախատեսված կարգով, առաջիկայում նաև՝
- դոնոր կազմակերպությունների (միջազգային կառույցների) միջոցով աուդիտի կենթարկվի ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի և անձնագրերի ամբողջ շտեմարանը,
- տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանն աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ, համատեղ պաշտոնական հանձնաժողով, որում իշխանությունը չի ունենա մեծամասնություն:
Սահմանված է նաև, որ Համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածություններով նախատեսված կարգով ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:
Թեև տարածքային վարկանիշային ցուցակների ներդրմամբ իշխանությունը պահպանում է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման միջոցով ընտրությունների արդյունքների վրա ապօրինաբար ազդելու հնարավորությունը, և ըստ այդմ՝ նոր Ընտրական օրենսգիրքն ամենևին կատարյալ չի կարելի համարել, այնուամենայնիվ, իշխանությունների վրա ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում էական առաջընթացի հանգեցրած վերոնշյալ փոփոխությունները, որպես մեկ համալիր, հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների իրական արդյունքները շուրջ 500 հազար կեղծ <քվեներով> հավելագրելու հնարավորությունից, բացառելու կրկնաքվեարկությունները, լցոնումները, ընտրողների, վստահված անձանց, դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրումը, քվեների գողությունը:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ կոռումպացված ռեժիմի նկատմամբ առկա է համընդհանուր անվստահություն, ինչի վառ ապացույցը 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեի իրական արդյունքներն են, արձանագրում ենք, որ ստեղծված են լուրջ և հիմնավոր նախադրյալներ 2017թ-ի Ազգային ժողովի ընտրություններում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:
Նկատի ունենալով վերը նշվածը, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը և որոշում է՝
- Կուսակցության տարածքային կառույցները վերածել ընտրական գործընթացը նախապատրաստող շտաբների, որոնց կառուցվածքն ու գործառույթները կսահմանվեն առաջիկայում:
- Տարածքային շտաբների գործունեությունը համակարգելու, համայնքներում համակիրների և աջակիցների խմբեր ձևավորելու, տեղական քաղաքական միավորումների և հասարակական գործիչների հետ համագործակցություն կառուցելու, կուսակցության ընտրական ցուցակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, բոլոր մարզերում և տարածքներում նշանակել Կոնգրեսի վարչության լիազոր-ներկայացուցիչներ:
- Մեկշաբաթյա ժամկետում ձևավորել ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքների համակարգման կենտրոնական գրասենյակի աշխատանքային խումբ:
- Հանձնարարել կուսակցության հանձնաժողովներին՝ սկսելու քննարկումները և առաջարկությունների ներկայացումը Կոնգրեսի նախընտրական ծրագրի և ընտրական գործընթացի նախապատրաստական միջոցառումների վերաբերյալ:
Հիմնվելով այն իրողության վրա, որ 2017թ.-ի ապրիլյան ընտրությունների արդյունքում է ձևավորվելու Հայաստանի իշխանությունը, և, ըստ այդմ, այդ ընտրություններն իրենց նշանակությամբ հավասարազոր են անցյալի նախագահական ընտրություններին, Հայ Ազգային Կոնգրեսը նաև հայտարարում է՝
ա) 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը,
բ) նույն սկզբունքների պահպանմամբ, պատրաստ է բաց քաղաքականություն կիրառելու և լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ,
գ) համոզված լինելով, որ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության որևէ փոփոխության հասնելն անհնար է, կձեռնարկվեն բոլոր քայլերը իշխանափոխության և երկրում արմատական վերափոխումների գաղափարների շուրջ հասարակական ամենալայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ:
Հայ Ազգային Կոնգրես