Հոկեյի Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում այս մրցաշրջանից հանդես է գալիս «Արարատ» հայկական ակումբը, որն ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվել է պատանեկան լիգայից: Սակայն թիմն իրեն վստահ է զգում ուժեղագույնների շրջապատում եւ ներկայումս ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Այսօր «Sputnik Armenia» մամուլի կենտրոնը Երեւանից հեռուստակամուրջ էր կազմակերպել Մինսկի հետ՝ Հայաստանի լրագրողների եւ «Արարատ» ակումբի ղեկավարության ու խաղացողների մասնակցությամբ:
Թիմի հիմնադիր եւ ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը նշեց, որ իր գլխավոր նպատակը թիմն աճեցնելն ու Հայաստանի ապագա հավաքականի կորիզը դարձնելն է: «Մեր թիմի խաղամակարդակը զգալիորեն բարձրացել է եւ մեզ հետ հաշվի են նստում բոլոր մրցակիցները: Մենք այս կազմով կարող ենք հանդես գալ որպես Հայաստանի հավաքական եւ հաղթանակներ տոնել: Մեր այս թիմն անհամեմատ ուժեղ է Հայաստանի այն հավաքականից, որը որակազրկվեց», – ասաց նա եւ ավելացրեց, որ «Արարատ» հոկեյի ակումբը նաեւ միջազգային հանդիպումների փորձ արդեն ունի: Մասնավորապես, հաղթել է անգամ աշխարհի առաջնությունների 1-ին դիվիզիոնում հանդես եկող Լեհաստանի հավաքականին: Ռուբեն Ստեփանյանը նաեւ տեղեկացրեց, որ ազգային հավաքական ձեւավորելու հարցով ինքը ժամանակին բազմաթիվ զրույցներ է ունեցել Հայաստանի սպորտի նախկին ղեկավարների, ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, սակայն համապատասխան արձագանք առայժմ չկա: Բայց ինքը չի կորցնում հույսը, որ մի գեղեցիկ օր այս խնդրին ավելի լուրջ մոտեցում կտրվի: Իրենք մշտական շփումների մեջ են Բելառուսում եւ Ռուսաստանի տարբեր ակումբներում հանդես եկող հայազգի հոկեյիստների հետ, որոնք սիրով հանդես կգան իրենց հայրենիքի դրոշի ներքո: Դրա համար փաստաթղթերը հիմնականում պատրաստ են, մնում է, որ Հայաստանում դրանով սկսեն զբաղվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ