«Գագիկ Ծառուկյանն անձամբ էր որոշել հեռանալ քաղաքականությունից, ինքն էլ կարող է վերադառնալու որոշում կայացնել»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա վստահեցրեց, թե նույնիսկ քաղաքացիներն են Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցը բարձրացնում. «Մեծ անվստահություն կա բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, ինչը զգացվեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ»:
Պարոն Բոզոյանի հավաստմամբ`Գագիկ Ծառուկյանի վարկանիշը կայուն բարձր է, իսկ քաղաքացիների շրջանում կա սպասում նրա վերադարձի հետ կապված. «Պարոն Ծառուկյանի վերադարձի պահանջ կա, իսկ թե դա ինչպես կկապիտալիզացվի, ինքը կորոշի. պետք է իրեն հարցնել»:
Երվանդ Բոզոյանը նկատեց, թե 2015-ից հետո ՀՀ քաղաքական դաշտը բաց է մնացել. իշխանություններին ոչ միայն չեն սիրում, այլև մեծ չարություն կա նրանց հանդեպ, բայց նաև չկա վստահություն մյուս քաղաքական ուժերի նկատմամբ:
Կարդացեք նաև
Դառնալով ՀՀ կառավարության ծրագրին` քաղաքագետն այն համարեց կարճաժամկետ ու տրամաբանական համարեց այն, որ այդ ծրագրում թվեր պետք է չլինեին:
Պարոն Բոզոյանը ՀՀ կառավարության գործունեության որոշ դրական միտումներ առանձնացրեց. «Այսօրվա կառավարության ուղերձներից է այն, որ պարզ հայտարարում են` արտահանումը գաղափարական-փիլիսոփայական հենքերից մեկը պիտի լինի: Նման շեշտադրում Տիգրան Սարգսյանի ժամանակ չեմ հիշում, Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ արդեն խոսվում էր այդ մասին, բայց հատուկ չէր շեշտադրվում»:
Քաղաքագետը նաև դրական է համարում հսկիչ գների մասնակի վերացումը ու նշում, որ այդ քայլի դրական լինելու մասին ցանկացած գործարար կհավաստի. «Հայաստանում մաքսային և հարկային համակարգը կոռուպցիայի ականն է, կաշառքն ամբողջությամբ հենց այդ օրգան մարմինների հետ է կապված: Իսկ հսկիչ գները լեգալիզացված կոռուպցիոն կենտրոններից մեկն է. բոլորը գիտեն այդ մասին: Ու հիմա կառավարությունը ռիսկ է անում մասնակիորեն հրաժարվել դրանից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ