Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի խորհրդականը մտավախություն ունի՝ 22-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած անձին էլ տարիներ հետո կհերոսացնեն

Հոկտեմբեր 24,2016 18:20

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի կարծիքով, «Պատանի լրագրողների» դպրոցում հոկտեմբերի 19-ին դանակահարված, այնուհետեւ հիվանդանոցում մահացած Լեւոն Սահակյանի մահվան դեպքին հասարակական առաջին արձագանքը բնական էր՝ ողբերգական, հուզական, դատապարտող:

Ըստ նրա, նման դեպքերին արձագանքող հասարակական կարծիքը խիստ փոփոխական է. «Այսօրվա մարդասպանը վաղվա հերոսը կարող է լինել ու հակառակը՝ վաղը չէ մյուս օրվա հակահերոսը:

Հասարակության առաջին արձագանքն է՝  ցավ, կորուստ, ողբերգություն, հուզական ֆոնին գրված facebook-յան ստատուսներ, որոնք, իմ համոզմամբ, մի որոշ ժամանակ հետո լրիվ այլ տոնայնությամբ են լինելու, իսկ նման դեպքեր շատ են եղել, երբ հանցագործություն է կատարվել, դատապարտել են, մի որոշ ժամանակ անց՝ այլ տոնայնություն՝ միգուցե այսպես չէր, միգուցե այնպես էր: Իրավապահ համակարգի լրատվական պատասխանատուները համատեղ մեծ աշխատանք ունեն անելու քարոզչության տեսքով,  մարդկանց մեջ կրիմինալը պետք է հակակրանք առաջացնի»:

Նարեկ Մալյանի համոզմամբ, Հայաստանում հանցագործները շատ դեպքերում դատապարտվելու փոխարեն արդարացվում են. «Ողբերգական վերջաբանով դեպքերը քիչ չեն, ես նույնիսկ այս պահին մտաբերում եմ մարտի վերջին Կարեն Վարդանյանի սպանությունը, նույն հարցերը այդ ժամանակ եմ բարձրաձայնել՝ նույն շեշտադրումներով: Ես դեմ եմ բռնություններին ու չեմ համարում, որ երբեւէ բռնությունը կարող է հարցի լուծում լինել: Ես կարծում եմ, որ հարցերի լուծման ավելի քաղաքակիրթ տարբերակներ կան, որոնցից մենք չեն օգտվում որպես հասարակություն: Մենք փառաբանում ու ռոմանտիզացնում ենք կրիմինալը, հանցագործ ապրելակերպը ու հետո բախվում ենք հենց այդ ապրելակերպին ու բախվելուց ենք միայն բողոքում ու բարձրաձայնում»:

Նարեկ Մալյանի խոսքով, պետությունը չունի այդքան հնարավորություն ու «հավես», որ ընկնի բոլոր հանցագործների հետեւից ու ամեն տարի եւս մեկ անգամ ապացուցի հասարակությանը, թե հանցագործության համար դատապարտված մարդն անմեղ է կամ մարդասպան. «Տարիների ընթացքում տեղի է ունենում մենախոսություն, հանցագործը դատարանից սկսում է հայտարարել, որ անմեղ է, դատական սխալի արդյունքում է պատիժ կրում, հասարակության մեջ էլ կամաց-կամաց տրամադրությունները փոխվում են այդ մարդու նկատմամբ: Արդյունքում, մենք ունենք դեպքեր, երբ մարդասպանը սկսում է պահանջել, որ իրեն մարդասպան չանվանեն, ապա պատիվ ու արժանապատվություն է պահանջում:

Ցմահ ազատազրկման դատապարտված  Մհեր Ենոքյանի դեպքը ինձ գրավեց հենց 2013 թվականի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ, երբ հարթակից հայտարարվեց, թե քաղբանտարկյալ Ենոքյանը միանում է ընդդիմադիր հավաքին, այդ հայտարարությունը հետաքրքրություն առաջացրեց իմ մեջ ու բացահայտեցի, որ տվյալ մարդը երբեք քաղաքական գործունեություն չի ծավալել, այլ հակառակը՝ շատ քրեական պատմության մեջ ներքաշված մարդ է, որը իր պատիժը դատարանի կողմից ստացել է մահապատժի ձեւով, հետագայում այն փոխվել է ցմահ ազատազրկման»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31