Բնապահպանները մտահոգված են, որ կառավարության ծրագրում բնապահպանական ոլորտն անտեսել են:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Բնապահպանական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը կառավարության ծրագիրը համարեց պրիմիտիվ ու մանրամասնեց. «Կառավարության ծրագրում բնապահպանական ոլորտն անտեսել են: Երևում է, որ կառավարությունն այս ծրագրի վրա չի աշխատել լավ թիմով, չի աշխատել այն անձանց հետ, որոնք իրազեկ են, ովքեր կարող են ճիշտ ուղղություն տալ. նկատի ունեմ և՛ հանրային սեկտորը, և՛ գիտական ինստիտուտները, և՛ բնապահպանության նախարարությունը»:
Սիլվա Ադամյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ բնապահպանության նախարարը նոր անձ էր ոլորտում, կարծիք հայտնեց, թե մտածում էին, որ նա դեռ պետք է ծանոթանար ծրագրերին և ներգրավեր բոլոր այն մադկանց, որոնք վաղուց զբաղվում են այս հարցերով` ներառելով նաև կայուն զարգացման խորհուրդը, որը տարիներ շարունակ աշխատում է այս խնդրի շուրջ»:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ կառավարության նոր ծրագրում ընդհանրապես խոսք չկա ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ»-ի մասին: Նա հիշեցրեց, որ մեր երկիրը, լինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, պարտավոր է մինչեւ 2017 թվականը տեղայնացնել ու կիրառել Կայուն զարգացման 17 նպատակները, մինչդեռ կառավարության ծրագրում այն ամբողջությամբ անտեսված է: Նա հայտնեց, որ նախորդ կառավարության հետ այս հարցը քննարկել էին, բայց ցավով նշեց, թե կարծես սովորություն է՝ «ամեն կառավարություն ամեն ինչ սկսում է 0-ից»:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ բնապահպանները նամակ են գրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն ցավով նշում են, որ իրենց նամակը մնացել է անպատասխան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ