ԱԺ-ում քննարկվեց նաեւ կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ասաց, որ նախագծով ածանցյալ գործիքներ են ներդրվելու ՀՀ-ում, որոնք թույլ կտան ապագա գնային տատանումներից, տոկոսադրույքների տատանումներից ապահովագրել գործարքները: Օրինակ, ռուսական ճգնաժամից հետո քննարկվեց, որ քանի որ ռուբլին շատ արժեզրկվեց, դրամը քիչ՝ մեր բիզնեսը շատ խութեր ուներ: Եթե ածանցյալների գործիքներ լինեին՝ այդ խնդիրը չէր լինի: Մեր տնտեսվարողները եվրոյով կամ դոլարով էին կնքել պայմանագրերը՝ ենթադրելով, որ եվրոյով կսպասարկեին ՌԴ գործընկերները, պարզվեց, որ եվրոյով չեն սպասարկում: Եթե համապատասխան գործիքներ լինեին, փոխարժեքի տատանումներից մեր գործարարները չէին տուժի: ԿԲ փոխնախագահն ասաց, որ հիմա օրենսդրական բացն են լրացնում՝ հիմնվելով միջազգային ստանդարտների վրա:
ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարցրեց, թե սովորական քաղաքացիները ինչքանո՞վ կօգտվեն այս նախաձեռնությունից եւ գործիքներից: Ներսես Երիցյանը պատասխանեց, որ իրենց հարստությունը կառավարելու առումով կարող են օգտվել այս գործիքներից, բայց հիմնականում սա վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ֆինանսական գիտելիքներ ունեն եւ ինչ-որ կերպ ներդրումներ են անում: Տնտեսվարող սուբյեկտները իրենց արտարժութային ռիսկը իրենք են կառավարում, այս դեպքում նախագիծը կօգնի, որ այդ ռիսկը տեղափոխվի պրոֆեսիոնալ ֆինանսական շուկաներ, որն ավելի մատչելի կլինի: Տնտեսվարողը կկարողանա կենտրոնանալ իր վաճառքի վրա, արտադրանքի վրա, ոչ թե տատանումները կառավարելու:
Ներսես Երիցյանն ասաց, որ պետք է շատ արագ սա ներդնել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ