Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել է արնաքամ վիճակում». Անի Մաջնունյանի սպանության գործով վկա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 16:43

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 24-ին դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

Այսօրվա նիստին ներկայացել էր վկաներից Արթուր Հուսիկյանը: Դատախազը նրան հիշեցրեց, որ ըստ վերջինիս նախաքննական ցուցմունքի՝ մեղադրյալն իրենից բենզին է գնել: Վկան սակայն ասաց, որ չի ճանաչում եւ չի հիշում Մուշեղ Մխիթարյանին: Հետո հայտնեց, որ գնորդը (նկատի ունի Մխիթարյանին.-խմբ.) տաքսիով էր եկել. «Կես լիտր բենզին գնեց, պլաստմասե տարայի մեջ, որն ինքն էր բերել հետը»:

Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը վկային հարցրեց.

-Որեւէ կերպ չե՞ք կարող հաստատել, որ բենզին գնողը ամբաստանյալն է եղել:

-Ասել եմ, որ չեմ հիշում:

-Նա մենա՞կ էր:

-Այո…

Հիշեցնենք, որ մեկ այլ վկայի՝ Աննա Մ.-ի ցուցմունքի համաձայն՝ ինքն այդ ժամանակ ամբաստանյալի հետ է եղել:

Մյուս վկան Գեւորգ Մարգարյանն էր, ում նիստերի դահլիճ էին բերել կալանավայրից: Նա մինչեւ կալանավորվելը տաքսի է վարել:

Մարգարյանը դատարանին հայտնեց հետեւյալը. «Սունդուկյանի  այգում ինձ ծանոթ Մաքս անունով մարդ կար, մի աղջկա հետ էր, չէի ճանաչում նրան: Մաքսն ասաց՝ «կարա՞ս զանգես ծանոթիդ, քաղմաս ա գնում, իրեն չնեղեն ընդեղ»:

Դատախազի հարցերին ի պատասխան վկան ասաց, որ «գլխավոր վարչությունում» ծանոթ է ունեցել, ում էլ զանգել է: Թե ինչու է աղջիկը ցանկացել ոստիկանություն դիմել, վկայի խոսքով. « Սպանություն է եղել, աղջկա պատմելով՝ այնտեղ էր եղել, մի հոգու հետ գնացել է այդ տուն՝ ինչ-որ փաստաթուղթ պետք է տանեին: Իր ասելով՝ իր սիրեկանն է, հետը գնացել է բախտ նայելու: Հետո իջել է ներքեւ, հետո բարձրացել է վերեւ՝ տեսել արնաքամ»:

Նշենք, որ վկան նկատի ունի Անի Մաջնունյանին, ում տվյալ աղջկա՝ գործով որպես վկա ներգրավված Աննա Մ.-ն եւս նկարագրել էր արնաքամ լինելուց:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը եւս հարցեր ուղղեց Գեւորգ Մարգարյանին.

-Այդ աղջկա ասելով՝ ե՞ս եմ սպանել: Ես գնացել էի որ սպանեի՞, թե գնացել էի, հետո ուղղակի սպանեցի՞:

-Չի եղել խոսակցություն, որ սպանություն պետք է լինի:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31