Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիների, հաշմանդամների եւ երեխաների վրա չկրակել. Որոշ փրկարարներ այսուհետև զենք են կրելու՝ ծառայության ժամանակ

Հոկտեմբեր 24,2016 16:29

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին հարցը: Այս նախագծով նախատեսվում է, որ փրկարար ծառայության աշխատողները նույնպես կարող են զենք կրել՝ ԶՈՒ կայազորային եւ պահակային ծառայությունները հաստատելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ Փրկարարական կանոնագրքում նոր հոդվածներ են ավելացել: ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ փոփոխությունները կարգավորում են զենքի կրման կանոնները: Ամրագրվել է տարածքային պաշտպանությանը մասնակցելու, մարտական առաջադրանքներ կատարելու իրավասությունները, իրավունքները, պարտականությունները, ծառայողական զենք կրելու, ֆիզիկական ուժ կիրառելու իրավունքներն ու պարտականությունները եւ այլն:

Ըստ այդմ, սահմանվել է, որ ծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս, նաեւ անհրաժեշտության դեպքում ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք կրելու, գործադրելու իրավունք: Զենքը օգտագործելու իրավունքը տալիս է լիազոր մարմինը:

Ինչ վերաբերում է ֆիզիկական ուժ գործադրելուն, նշվում է, որ հանցագործություններ կանխելիս իր իրավասությունների շրջանակում ծառայողն իրավունք ունի ֆիզիկական ուժ գործադրել, եթե այլ ելք չկա: Նախագծով սահմանվում է նաեւ, որ ռազմական դրության, արտակարգ իրավիճակների պայմաններում համապատասխան լիազոր մարմնի սահմանած պահանջները վարորդի կողմից չկատարելու դեպքում տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս նույնպես կարող են դիմել զենքի օգնությանը: Զենքը կիրառվում է, եթե կանգնի՛ր արձագանքից եւ օդ կրակելուց հետո կարգազանցները չեն ենթարկվում: Առանց նախազգուշացման զենք կարող են օգտագործել հանկարծակի հարձակումների դեպքում, թռչող սարքերի առկայության եւ այլ դեպքերում:

Ծառայողին արգելվում է զենք կիրառել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամություն ունեցողների եւ անչափահաս երեխաների նկատմամբ՝ բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքին վտանգ սպառնացող զինված կամ խմբակային հարձակման դեպքերի:

Զենք կրելու իրավունքը վերաբերում է միայն այն ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք գտնվում են սահմանամերձ գոտում՝ Տավուշի մարզում, որոնք պետք է զենք կրեն եւ պահպանեն ջրամբարները, հատուկ ենթակառուցվածքները:

Վահան Բաբայանը հետաքրքրվեց՝ նախագծում նշված է, որ ծառայությունից դուրս էլ փրկարար ծառայողներն իրավունք ունեն զենք կրել եւ անհրաժեշտության դեպքում օգտագործել, անհրաժեշտության դեպքը ո՞րն է, ինչպե՞ս եք մեկնաբանում: Փոխնախարարը պատասխանեց, որ եթե Տավուշի մարզում ծառայության են գործուղվում Երեւանից, նրանք զենքը ստանում են Երեւանի զինապահեստից, որտեղ ստորագրում են եւ իրենց քարտն են թողնում: Ծառայությունից հետո՝ մարզից վերադառնալիս իրենց մոտ է մնում զենքը, ճանապարհին գիշերում են: Այդ ընթացքում երբ զինված հարձակում լինի, նրանք իրավունք ունեն զենքն օգտագործել՝ ծառայությունից դուրս:

Վահան Բաբայանը նաեւ հարցրեց՝ օտար երկրների փրկարար ծառայողներն ունե՞ն իրավունք ՀՀ տարածքում զենք կրելու եւ օգտագործելու: Հայկարամ Մխիթարյանը պատասխանեց, որ ըստ պայմանագրի, կարող են եւ ՀՀ-ից զենքով գնալ այլ երկրներ եւ դրսից կարող են գալ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31