Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ն տարեկան € 50 միլիոն է տալիս Հայաստանին. արդյոք առանց կոռուպցիայի եւ արդյունավետ է ծախսվում. մեկնաբանում է Պյոտր Սվիտալսկին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 16:22

Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր ֆինանսական դոնորն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Aravot.am-ը պարոն Սվիտալսկուց հետաքրքրվեց՝ ԵՄ-ն տարեկան որքա՞ն գումար է հատկացնում Հայաստանին, արդյոք ԵՄ-ն որեւէ կերպ ստուգո՞ւմ է թե այդ գումարներն ինչպես են ծախսվում՝ ատկատներ, կոռուպցիա չկա՞ն, ի՞նչ գնահատական կարող է տալ ԵՄ դեսպանը ֆինանսների ծախսման արդյունավետության մասին, ԵՄ փողերով ֆինանսավորվող ծրագրերը Հայաստանի տնտեսական ակտիվության եւ աճի վրա արդյոք չպիտի ավելի մեծ ազդեցություն ունենային, քան այսօր ունենք:

Պարոն Սվիտալսկին մեր հարցերին ի պատասխան ասաց, որ այս պահին կարեւոր է միասնական օժանդակության հաջորդ համակարգի քննարկումը՝ 2017-2020 թվականների շրջանակի քննարկման առիթը օգտագործվի, որպեսզի զարգացմանն օժանդակող ծրագիրը ավելի շահավետ դարձնեն. «Ես բացահայտ կարող եմ ասել՝այս թեման նոր վարչապետի հետ քննարկել ենք, եւ այդպիսին է վարչապետի մոտեցումը: Եկեք գնահատենք ինչ ենք արել մինչ օրս, եւ այս նոր մոտեցումը, մեր համագործակցումն ավելի արդյունավետ դարձնել»:

meliqyan_svitalski

Պարոն Սվիտալսկին նշեց, թե ինչ է արել ԵՄ-ն մինչ օրս՝ «Մենք վերլուծել ենք իրավիճակը. 23 ոլորտներում փորձել ենք առանձնացնել խնդիրները, փորձել ենք տեսնել ԵՄ օժանդակության հնարավորությունները Հայաստանի վերափոխման համար։ Վերլուծությանը մասնակցել են մեր հայ գործընկերները, ներկայացրել են իրենց մեկնաբանությունները, գնահատականները, որոնք հաշվի առնվել են. սա է հիմքը, որով պետք է այժմ շարժվենք: Մենք, իսկապես, մտադիր ենք վերափոխման գործընթացին մեր օժանդակությունը դարձնել ավելի արդյունավետ։ Ես չեմ ուզում հիմա հետ գնալ անցյալի փորձին, իհարկե, տարբեր փորձառություններ են եղել: Մենք շատ խիստ մեթոդաբանություն ունենք, որով գնահատում ենք, թե ինչպես են մեր տված գումարները ծախսվում, բյուջետային օժանդակության բոլոր ծախսերը բծախնդիր վերլուծվում են։ Մեր տված գումարները հիմնված են քննադատական վերլուծությունների հիման վրա։ Երբեմն մենք համաձայն չենք լինում մեր հայ գործընկերների հետ, երբեմն՝ համաձայնում ենք, սակայն ակնհայտ հենանիշներ ունենք, մեթոդաբանություն եւ չափման մեխանիզմներ: Այլ բան է, թե ինչպես է ընկալվում հանրության կողմից: Ես ձեր հարցադրման մեջ նկատեցի քննադատական նոտա, որ հանրային կարծիքը, միգուցե, կարող է զգալ այդ, կամ բավականաչափ չգիտեն, կամ ոչ ամբողջովին բավարարված չեն այդ գումարների ծախսմամբ: Ամեն ինչ հարաբերական է»:

Պարոն Սվիտալսկին նշեց, որ հաջորդ ծրագիրն այնպես կիրականացնեն, որով ավելի շոշափելի լինի:

Ինչ վերաբերում է, թե որքան գումար է ԵՄ-ն Հայաստանին տրամադրում, ապա ԵՄ դեսպանն ասաց՝ Եվրամիությունը համար 1-ին դոնորն է Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում. «Ամբողջ աշխարհում ավելի քան 50%-ը՝ զարգացմանը ցուցաբերվող աջակցության, գալիս է Բրյուսելից: Հայաստանում, կրկնում եմ, մենք առաջինն ենք՝ տարեկան մոտ 50 միլիոն եվրո: Անկախությունից հետո մենք այստեղ ծախսել ենք, Եվրամիությունը՝ ավելի քան 500 միլիոն եվրո, դրա մեծ մասը բյուջետային ֆինանսավորման ձեւով է։ Սա խոսում է Հայաստանի բարձր կարգավիճակի մասին՝ իր ֆինանսների կառավարման, հաշվետվողականության եւ կատարողականի առումով: Այդ միջոցների մի մասը ոչ պետական կազմակերպությունների (հասարակական կազմակերպություններ) դրամաշնորհներ են։ Ծրագրեր կան, որ այստեղից են գալիս, մի մասը Բրյուսելից են ղեկավարվում։ Մենք պատրաստ ենք լսելու ցանկացած առաջարկ, որ ավելի շահեկան լինի ծախսերի օգտագործումը»:

Հանդիպմանը ներկա տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն էլ մեր հարցերին ի պատասխան, նկատեց. «Բյուջետային աջակցության պարագայում յուրաքանչյուր գումարի համար շատ հստակ նախատեսվում, քննարկվում, բանակցվում, ստորագրվում է նախապայման, որի կատարման դեպքում միայն Հայաստանը կարողանում է ստանալ համապատասխան ֆինանսական ռեսուրսը»:

garegin_meliqyan

Պարոն Մելքոնյանն ասաց, որ կան անկախ փորձագետներ, որոնք չեն ենթարկվում ոչ Հայաստանին, ոչ ԵՄ-ին, նրանք իրենց անկախ գնահատականն են տալիս Հայաստանի կատարողականի մասին:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31