ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ բարեխնամ իշխան Դոմինիկ դը Լա Ռոշֆուկո-Մոնբելը պարգևատրվել են Պատվո շքանշանով, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը՝ Բարեկամության շքանշանով:
Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և Մալթայի Մարտական Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի բարձրագույն պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի երկրորդ կարգի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի մեծ սպայի խաչով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Մալթայի Ուխտի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:
Կարդացեք նաև
Պարգևատրման արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:
Ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
Ձե՛րդ Վսեմություն,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար․ այսօր կայանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնի և մեծ վարպետի անդրանիկ այցը Հայաստան։ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, սակայն այս պահին մի յուրովի, ես կասեի՝ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի և հնագույն քրիստոնեական մարտական ուխտի միջև։ Խորհրդանշական է նաև, քանի դեռ խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության և Մալթայի Ուխտի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական ու մշակութային կապերն այսօր նոր շունչ են առնում. Ձերդ Վսեմության այցով մենք հավակնում ենք նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը։
Րոպեներ առաջ ես և Ֆրա Մեթյու Ֆեսթինգն անմիջական ու բարձր փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք ինչպես երկկողմ համագործակցության հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր:
Անշուշտ, մեր խորին երախտագիտությունը հայտնեցի դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժի դաժան օրերին և մինչ օրս Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է և, իհարկե, աննկատ չի մնացել։
Քննարկեցինք նաև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածության և նրա կազմակերպման, համատեղ պատմագրության ոլորտներում, որտեղ թե´ Մալթայի Ուխտը և թե´ Հայաստանը պատկառելի փորձ են կուտակել, և այստեղ, իհարկե, կարծում եմ, կարելի է շատ օգտակար աշխատանք կատարել: Այդ օգտակար աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ունենալ հավելյալ տեղեկություն խաչակիրների և Կիլիկիայի հայկական թագավորության միջև եղած համագործակցության մասին:
Երկուստեք փաստեցինք, որ համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝ նույնակունք արժեքային հենք, որ թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը։ Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է եղել մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության ու արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության խրախուսման։ Կարելի է ասել, որ քրիստոնեության ընդունումից ի վեր հայերի պատմական ուղին անցել է Մալթայի Ուխտի՝ «Վկայել հավատքը» կարգախոսին համահունչ։
Իհարկե, խոսեցինք նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող առանձնահատուկ կապերի, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ․ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի և ս․թ․ հունիսին Պապի հայաստանյան այցի մասին, որն այս բռնություններով լի օրերում միջեկեղեցական համերաշխության փայլուն օրինակ է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Նորին Վսեմությանը պատարագին ներկա գտնվելու և իր աղոթքներում հայորդիներին հիշատակելու համար։
Անշուշտ, խոսեցինք նաև Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի։ Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները։ Ես հայտնեցի Հայաստանի պատրաստակամությունն իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որը ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում։
Ձե՛րդ Վսեմություն, կրկին բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեական երկիր, որտեղ մշտապես ուրախ ենք ընդունելու Հայաստանի պատվարժան հյուրերին։
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ