Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ջրբաշյան. «Առաջիկայում Հարկային օրենսգրքի լուրջ փոփոխություն կլինի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 15:12

Նոր կառավարության ծրագիրը  ժամանակավոր է, սկզբունքային բարեփոխումներին ուղղված կետեր չունի եւ չի հանդիսանում ռազմավարական բարեփոխումների ծրագիր: Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Հայ Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

Պարոն Ջրբաշյանի կարծիքով, այն նախընտրական փուլի ծրագիր է, քանի որ այնպիսի կետեր են ներառված, որոնց արդյունքները պետք է շուտ տեսանելի լինեն, այլ ոչ թե այնպիսի բարեփոխումներ, որոնք նույնիսկ ցավոտ կլինեն հանրության համար:

«Եթե չունես տեսլականը, թե ուր ես գնում, ուր ես ուզում գնաս, կառավարության ծրագիրը հանդիսանում է այդ տեսլականի իրականացման միջոցառումների ցանկ: Ընտրություններից հետո կառավարությունը նոր ծրագիր պետք է ներկայացնի, այդ պատճառով այս ծրագրում հիմնական շեշտը դրված է այն միջոցառումների վրա, որոնք հնարավոր է իրականացնել այս ամիսների ընթացքում»:

Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, Հարկային օրենսգիրքն ու նոր կառավարության ծրագիրը անհամապատասխանություն ունեն, այդ պատճառով էլ, տնտեսագետի համոզմամբ, առաջիկայում, Հարկային օրենսգրքի լուրջ փոփոխություն կլինի. «Այն քաղաքականությունը, այն փոփոխությունները, որոնք հնչեցված են կառավարության ծրագրում, իրար հետ չեն բռնում»:

Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ Հարկային օրենսգրքի համար պատասխանատվություն է կրում նաեւ այս նոր կառավարությունը, քանի որ նրա օրոք այն ընդունվեց. «Միանշանակ էր, որ շանս կար չանելու, սակայն Հայաստանը մտնում է մի նոր փուլ եւ տվյալ օրենսգրքի վրա դեռ աշխատանքները կշարունակվեն: Առնվազն, եթե մենք նպատակ ունենք օգտագործել հարկային քաղաքականությունը եւ հարկային վարչարարությունը, որպես նոր մոտեցումների կամ կառավարության նոր ծրագրերի իրականացման միջոց: Այլընտրանք չկա, գործիքակազմը սահմանափակ է եւ ամենակարեւոր գործիքը հարկային քաղաքականությունն է»:

Մանրամասները` տեսանյութում

Մինչ Հարկային օրենսգրքի ընդունումը Տիգրան Ջրբաշյանը մտահոգություններ էր հայտնել, որ կրճատելու է սպառման շուկան, ներքին, արտաքին ներդրումները, կադրերի արտահոսք է լինելու: Հարցին, այսօր է՞լ նույն կարծիքին է, պարոն Ջրբաշյանը պատասխանեց. «Գոյություն ունեցող այս փաստաթղթի գաղափարախոսությունն է թերի: Պետք է հարկել եւ հարկահավաքություն ապահովել այն տեղերից, որտեղից դա հնարավոր է: Եվ համապատասխանաբար, հաշվի առնելով, թե՛ բյուջետային ծախսերի անհրաժեշտությունը, թե՛ արտաքին պարտքի սպասարկման խնդիրները, իրականում ամենամեծ խնդիրը այն է, որ, եթե շեշտը դրվում է ապահովել լրացուցիչ հարկերի հավաքագրում` բյուջետային ծախսեր ապահովելու համար, առանց ընդլայնելու հարկային բազան, օգտվելով այս ներկա բազայից, ինքն անվերջ չի կարող լինել: Որովհետեւ ինչ-որ պահից հետո, երբ հասնում ես կրիտիկական կետի, հարկային բազան սկսում է նվազել: Իրականում մեզ մոտ այդ է, որովհետեւ հարկային բազայի ընդլայնմանն ուղղված որեւէ քայլ այս Հարկային օրենսգրքում չկա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31